Կարապետյան․ «Ուժեղ Հայաստանը» չգրանցելը կլինի ժողովրդավարության չեղարկում

Կարապետյան․ «Ուժեղ Հայաստանը» չգրանցելը կլինի ժողովրդավարության չեղարկում

6 մարտի 2026 – 14:29 AMT

PanARMENIAN.Net«Ուժեղ Հայաստանը» չգրանցելը կլինի ժողովրդավարության չեղարկում, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ արձագանքելով այն խոսակցություններին, թե իշխող ուժը կարող է չգրանցել կուսակցությունը՝ թույլ չտալով մասնակցել ընտրություններին։

Նա հավելել է, որ դա իրենց թույլ տալով կամ չտալով չէ՝ «սա մեր Սահմանադրությամբ է», հայտնում է Aysor.am-ը:

«Նման դեպքում ընդհանրապես թող ժողովրդավարությունը չեղյալ հայտարարեն և իրենք հավաքվեն, փոքրիկ խմբակով որոշեն, կամ նույն մարդը քանի անգամ է լինելու երկրի վարչապետ։ Եթե ժողովրդավարությունն իրենց համար ինչ-որ բազային բան նշանակում է, նրանք չեն գնա այդ քայլին, որովհետև ՀՀ պատմության մեջ չի եղել մի ժամանակաշրջան, երբ հիմնական ընդդիմադիր ուժին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին»,- ասել է Կարապետյանը։

Նրա գնահատմամբ՝ նման որոշումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար։

«ՀՀ-ն կհայտնվի նույն շրջափուլի մեջ, կմնա 2021-ի շրջափուլի մեջ։ Մեր երկրին նոր առաջնորդներ են պետք, որ այս վիճակից դուրս գանք։ Մենք առաջարկում ենք ծրագրեր՝ երկրի փոփոխության համար, մենք չենք առաջարկում մարդկանց դեմքերի փոփոխություն։ Եթե իրենք այս փոփոխություններն արած լինեին, մեր կարիքը չէր լինի։ Հիմա փոփոխության պահանջ կա, նոր հասարակությունը նոր առաջնորդության պահանջ ունի, և ժողովուրդը կորոշի։ Թող հարյուր հազարավոր մարդկանց փոխարեն իրենք չորոշեն»,- նշել է նա։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մարտի 5-ին հայտարարել է, թե պահանջում է չգրանցել Սամվել Կարապետյանի կուսակցությունը, որովհետև «ռուսական» է։:

Leave a Comment