6 մարտի 2026 – 14:47 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանը հետ է կանչել իր դիվանագետներին Իրանից: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշում է կայացրել ամբողջությամբ դուրս բերել դիվանագիտական անձնակազմը Իրանից։ Գործընթացը վերաբերում է ինչպես Թեհրանում գտնվող Ադրբեջանի դեսպանատանը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությանը։ Այժմ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում», – ասել է նա, գրում է Minval.az-ը:
Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, թե ինչ է նշանակում երկրում հայտարարված «մոբիլիզացիա №1»-ը:
Գերատեսչության հաղորդմամբ՝ նման որոշման դեպքում Զինված ուժերը բերվում են լիակատար մարտական պատրաստության վիճակի։ Միաժամանակ սկսվում է պահեստազորում գտնվող զինծառայողների զորակոչ։
Մոբիլիզացիոն միջոցառումների շրջանակում զինվորական ստորաբաժանումները տեղափոխվում են մարտական դիրքեր կամ նախապես սահմանված նշանակման շրջաններ։
Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ այս քայլերը միտված են բանակի օպերատիվ պատրաստականությունն ապահովելուն և հնարավոր սպառնալիքներին արագ արձագանքելու կարողությունը բարձրացնելուն։
Բայրամովը հայտարարել է, որ Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների կապակցությամբ նախագահի կողմից տրվել են բոլոր անհրաժեշտ հանձնարարականները, հայտնում է APA-ն:
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ձեռնարկվել են նաև դիվանագիտական քայլեր։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը փոխանցել է համապատասխան նոտա, ինչպես նաև անցկացվել են հեռախոսային բանակցություններ։
«Անվտանգության միջոցառումները նույնպես գտնվում են նախագահի վերահսկողության ներքո՝ ամենաբարձր մակարդակով։ Զինված ուժերի պատրաստվածության մակարդակն էլ ավելի է բարձրացվում։ Բոլոր համապատասխան հանձնարարականները նույնպես տրվել են»,- նշել է Բայրամովը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին: Եվս մի քանի անօդաչու թռչող սարքեր ընկել են այլ տարածքներում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է դպրոցի հարևանությամբ: Բաքվում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, հանձնվել է բողոքի նոտա: