Դանիելյան․ Որևէ քաղաքական ուժ միայնակ չի ստանա 50+1% ձայն

Դանիելյան․ Որևէ քաղաքական ուժ միայնակ չի ստանա 50+1% ձայն

6 մարտի 2026 – 15:19 AMT

PanARMENIAN.NetՈրևէ քաղաքական ուժ չի կարող միայնակ հավաքել ընտրողների ձայների 50+1 տոկոսը հունիսին կայանալիք ընտրություններում, ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նրա գնահատմամբ՝ քաղաքական ուժերի կոնսոլիդացիա է տեղի ունենում, հայտնում է Aysor.am-ը:

«Քաղաքական ուժերը, որոնք այս ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել, գնալով ավելի են ուժեղանում, բլոկեր են ձևավորվում, այդ ուժերի կոնսոլիդացիա է լինում, ինչն ուրախալի է, քանի որ Փաշինյանի ու իշխող ուժի նպատակը ստեղծելն է մի մթնոլորտ, որտեղ ընտրողը չի ցանկանա գնալ ընտրությունների մասնակցել: Այսինքն, ուզում են հիասթափություն ու ապատիա ստեղծել, փորձում են ֆոն ստեղծել, որ իրենք խնդիր չունեն, բայց դա թյուր կարծիք է»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշել է ընդդիմադիր պատգամավորը։

Մեկնաբանելով «Միջազգային հանրապետական ինստիտուտի» հարցումներով ՔՊ-ի առաջատարությունը՝ Դանիելյանն ասել է, որ երբ մարդկանց աշխատանքից ազատում են ֆեյսբուքյան լայքի կամ այլ հայացքների համար, ինչպես նաև բանտարկում են, ապա դժվար է խոսել հարցումների օբյեկտիվության մասին։

«Հաշվի առնելով Հայաստանում տիրող իրավիճակը նաև վախի մթնոլորտը, որը ի ցուց դրվել վերջին շրջանում իշխող կուսակցության հանդիպումների ժամանակ, երբ մարդը սովորական հարց է տալիս և նման վերաբերմունքի է արժանանում, բնականաբար մարդկանց մոտ այդ վախի զգացումը կա»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ հասարակության մեծ մասը խուսափում է ընտրությունների վերաբերյալ հարցերին պատասխանել։

Դանիելյանը նաև կարծիք է հայտնել, որ դեռ բավական ժամանակ կա, որպեսզի առաջիկա երեք ամիսների ընթացքում քաղաքական ուժերը ներկայացնեն իրենց ծրագրերը և գնահատական տան ՔՊ-ի իրականացրած քաղաքականությանը։

«Մենք էլ ունենք մեր հարցումները և դրանք բավականին հուսադրող են և տարբերվում են այս հարցումներիից: Մեր հարցումների արդյունքում ՔՊ-ն որևէ շանս չունի իշխանության գալու, այսինքն՝ իրենց հակավարկանիշն ամենաբարձրն է, հետո իրենց տոկոսները որևէ կերպ հնարավորություն չեն տալիս մեծամասնություն ձևավորելու և հակառակը: Կան ձևավորված մի քանի բևեռներ, որոնք շատ ավելի հնարավորություններ ունեն, ինչը ներկայացված են այդ հարցումների արդյունքներում»,- ասել է Դանիելյանը։

Նրա խոսքով՝ թե՛ հարցումները, թե՛ քաղաքացիների հետ հանդիպումները ցույց են տալիս, որ հավաքական ընդդիմությունն ավելի մեծ աջակցություն ունի, քան Նիկոլ Փաշինյանը և նրան աջակցող ուժերը։

«Նիկոլ Փաշինյանի ընկած վարկանիշը որևէ կերպ հետ վերադարձնել հնարավոր չէ»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ իրենց քաղաքական ուժի վարկանիշը բարձր է, իսկ մարզային հանդիպումների ընթացքում դահլիճները լեփ-լեցուն են եղել։

IRI ընկերության իրականացրած հարցման շրջանակում հայաստանցիներին հարցրել են՝ ո՞ր քաղաքական գործչին են ամենից շատ վստահում։ Հարցվածների 18 տոկոսը նշել է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը: Նա այս ցուցանիշով առաջին տեղում է։

Հարցմանը մասնակցածների 6 տոկոսի համար ամենավստահելի քաղաքական գործիչը դարձել է ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանը։ Երրորդ տեղում՝ 3 տոկոս վստահությամբ, հայտնվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նույն՝ 3 տոկոս վստահության ցուցանիշն արձանագրվել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեպքում։

Leave a Comment