Արմավիրի նախկին հաստոցաշինական գործարանի հանրակացարանում 40 բնակարան կա, որից 20-ը սեփականաշնորհվել է, իսկ մյուս 20-ի բնակիչները սպասում են և այդ խնդրով դիմել են Արմավիրի համայնքապետարան։
Մարդիկ այստեղ ապրում են 25 և ավելի տարի։ Շենքը վթարային է, դրսի անկյունային պատերը՝ տեղաշարժված: Արմավիրի ավագանու որոշմամբ օրերս հանրակացարանի 10 բնակիչների նվիրվել են իրենց զբաղեցրած տարածքները: Մյուս 10-ի համար դեռ որոշում չի կայացվել:
Հաստոցաշինական գործարանի քառահարկ շենքը երկաթգծի կայարանի մոտ է: Գործարանը հիմա չկա, իսկ հանրակացարանի շենքը վաղուց արդեն վթարային է: Անկյունային հատվածների, բացօթյա պատշգամբների քարերը թուլացած են ու տեղաշարժված: Հանրակացարանում կա 40 բնակարան: Լաուրա Բաղդասարյանի ընտանիքն արդեն 21 տարի ապրում է հանրակացարանի՝ 38 քմ մակերեսով բնակարանում:


«Համայնքի շենքն է, նվիրատվություն է արել մեզ, որպեսզի մենք չելնենք, ընկնենք, թափառական դառնանք: Նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը մեզ նվիրեց, մենք մուծումներն արեցինք, սեփականության գիրքը գրեցին, տվեցին մեզ»:
20 ընտանիքներից 10-ի բնակարանի հարցը լուծվեց անցած շաբաթվա ընթացքում: Հանրակացարանային պայմանները, սակայն, անմխիթար են։
«Կոմունալ հարմարություններ չունենք: Նայի, սա ընդհանուր զուգարան է, որի համար օրական կռիվ է լինում՝ մեկը մաքրում է, մեկը չի մաքրում: Այս մասում ապրողների համար է զուգարանը, ջուր էլ չկա, տնից ենք կրում, բերում լցնում»:
Միջանցքները կիսախավար են, հնամաշ հատակով, հոսանքալարերի խրձերով: մարդիկ ասում են՝ տարիներ շարունակ անտեսված են եղել։
«Տանիքը բերեցին փոխեցին, հետո միջանցքները պետք է վերանորոգեին, բայց հետո ամբողջ շինանյութը, ցեմենտը տարան, չիմացանք ինչ արեցին: Դա եղել է Խլղաթյանի ժամանակ: էս շենքի ժողովրդին անտեսել են, հավատո՞ւմ եք: Այն ժամանակ էդքան շենքերի մուտքերի դռները սարքեցին, մեզ ոչ մի բան: Էս շենքը, չգիտեմ, անտեսված է: Այստեղ էլ կա, չէ՞, փոքր երեխա, առնետների հետ են մեր էրեխեքն ապրում»:


Բնակիչների մի մասն իր միջոցներով կոմունալ հարմարություններ է ստեղծել զբաղեցրած բնակելի հատվածներում: Հերմինե Իգիթյանի բազմանդամ ընտանիքը նույնպես ապրում է 38 քմ տարածքում:
«Ես այս մասն ավելացրել եմ, ամեն մեկս հնարավորություն ենք ունեցել միջանցք ու զուգարանի հաշվին ավելացնել մեր տունը: Մենք հարևաններով հարմարվել ենք ու կիսել ընդհանուր զուգարանը, որի մի մասն ինձ է հասել, մի մասը հարևանիս: Մյուս հարևանս իր բալկոնի հաշվին է բաղնիք-զուգարան սարքել տանը»:
Հերմինեի ու հարևան Արմինեի զբաղեցրած բնակելի հատվածները համայնքապետարանը նվիրել է իրենց: Արմինե Նազարեթյանը կարդում է որոշումն ու հանգիստ շունչ քաշում: Ասում է, որ հիմա առանց վախերի կապրեն:


«Էլ չենք վախենա: Ամեն անգամ մեկը գալիս ասում է՝ շենքն առել են, պիտի դուրս գանք, ոնց որ անհանգիստ ապրեինք մենք: Տարբեր մարդիկ են ասում, օրինակ, որ այս կողքի գործարանն առել էին, ասում էին՝ տարածքը լրիվ առել են, շենքն էլ են առնելու: Վախով էինք ապրում, իսկ հիմա, որ մերը լինի, մեզ ով կարող է ասել՝ տունն ազատեք կամ սա իմն է: Էլ ոչ մեկը չի կարող ասի»:
Արմինեն մեծ ջանքերի շնորհիվ է բնակարանը լավ տեսքի բերել: Ասում է՝ բնակարանները սեփականացնելուց հետո իրենց միջոցներով միջանցնքերը կսարքեն, բակը կարգի կբերեն:


«Պայմանավորվել ենք՝ որ օրը սեփականության վկայականները մեր ձեռքում լինեն, մենք միջանցքի մեր հատվածները սալիկապատելու ենք, մրերը մաքրենք, հոսանքի գծերը տեղավորենք, որ հրդեհ չլինի: Որոշել ենք շենքի բակն ասֆալտենք, մաքրենք, սիրունացնենք, որ երեխաներին էլ խաղալու տեղ լինի»:

Շենքի բակային տարածքը բնակիչներից մի քանիսը մաքրել են աղբից ու բերքատու ծառեր տնկել, որպեսզի տարածքում ինչ-որ չափով կանաչ գոտի ապահովեն: