Դատախազությունը պահանջել է Օսիպյանից և փոխկապակցված անձից բռնագանձել գույք ու դրամական միջոցներ

Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ պետության 4 գույք և դրամական միջոցներ բռնագանձելու մասին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ըստ հաղորդագրության՝ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմում, որում նշվում է Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույքի մասին, որոնցից 2-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում: Անշարժ գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 125 միլիոն 580 հազար դրամ: Բռնագանձման ենթակա է նաև մեկ շարժական գույք:

Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 48 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, և ևս 8 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով:

Փետրվարին Օսիպյանի նկամամբ մեղադրանք էր առաջադրվել՝ մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների ցրումը կազմակերպելու համար:

Leave a Comment