Ադրբեջանը մասամբ վերականգնել է բեռնատարների երթևեկությունն Իրանի հետ սահմանին

Ադրբեջանը բացել է Իրանի հետ սահմանը երկու երկրներից տուն վերադարձող բեռնատարների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին։

Ըստ այդ տեղեկությունների՝ Իրանից Ադրբեջան վերադարձող ադրբեջանական, ինչպես նաև Ադրբեջանից Իրան վերադարձող իրանական բեռնատարներին թույլատրվել է անցնել Աստարայի, Բիլասուվարի և Ջուլֆայի սահմանային անցակետերով։

Մարտի 5-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Նախիջևանում ընկել է 2 ԱԹՍ, որոնք, ենթադրաբար, արձակվել էին Իրանից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերին հանձնարարվել է պատրաստվել պատասխան գործողությունների։ Բաքուն հայտարարել էր, որ հարձակումը նպաստել է տարածաշրջանում լարվածության սրմանը։

Թեհրանն, իր հերթին, մեղադրել էր Իսրայելին։ Ադրբեջանի իշխանությունները որոշել էին դադարեցնել բեռնատարների երթևեկությունն Իրանի սահմանին և 12 ժամով փակել էին օդային տարածքի մի մասը։ Մարտի 6-ին Ադրբեջանը հայտարարել էր, որ որոշել է ամբողջությամբ դուրս բերել Թեհրանում գտնվող դեսպանատան և Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսության անձնակազմը։

Leave a Comment