
Նրա կարծիքով, Փեզեշքիանը «չի ցանկացել դառնալ ԻՀՊԿ բարձրագույն հրամանատարության թիրախը, որ ամենամոլի ատելություն են տածում Ադրբեջանի և ամենայն ադրբեջանականի հանդեպ»: Շահինօղլուն համարում է, որ Ալիևին Փեզեշքիանի հեռախոսազանգը «առնվազն կնշանակեր, որ Իրանը միջադեպի հետաքննություն անցկացնելու մտադրություն ունի»: Ուշագրավ է, որ մարտի 5-ին Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին ադրբեջանցի պաշտոնակից Բայրամովի հետ հեռախոսազրույցում ակնարկել է, որ իրանցի զինվորականները «ուսումնասիրում են հանգամանքները»:
Ըստ երևույթին, Բաքվում տեղեկություն ունեն, որ ԻՊՀԿ հրամանատարությունը դեմ է արտահայտվել Ադրբեջանի հետ այդ հարցով ցանկացած զիջման: Ավելի վաղ Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբը պարզապես ժխտել է Նախիջևանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկության իսկությունը:
«Ատլաս» վերլուծաբանական կենտրոնը գործում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հովանու ներքո: Նրա տնօրեն Շահինօղլուն, որպես կանոն, արտահայտում է Իլհամ Ալիևի տեսակետները: Ֆեյսբուքյան գրառումը նա ամփոփել է այսպես: «Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում հարցականները շատ են: Նախիջևանի ուղղությամբ ԱԹՍ-երի արձակման փաստի ժխտումը հարցականները կարող է տեղափոխել ավելի լուրջ լարվածության փուլ: Ահա թե ինչու է պետք, որ Փեզեշքիանը զանգի Ալիևին»:
Ադրբեջանի նախագահը Անվտանգության խորհրդի նիստում բանակին, սահմանապահ ծառայությանը և ուժային մյուս կառույցներին հրահանգել է «նախապատրաստել և պատասխան ռազմագործողություն իրականացնել»: Հաջորդել է Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը: Եվ եթե դրան չի հաջորդել Ալիևին Փեզեշքիանի զանգը, ուրեմն Թեհրանում դա ոչ նպատակահարմար են գտել:
Ադրբեջանի իշխանությունների հետ աֆիլացված քաղաքագետի գրառման տոնայնությունից հասկացվում է, որ Անվտանգության խորհրդի նիստի ելույթում Իլհամ Ալիևը կարմիր գիծ է հատել՝ փորձելով ստորացնել ոչ թե իրանցի պաշտոնյաներին, այլ՝ Իրան պետությանը: Ճիշտ է, մի քանի, այդ թվում և՝ եվրոպական, երկրներ դատապարտել են Նախիջևանի ուղղությամբ իրանական «հարձակումը», բայց իրավիճակի հետագա սրացման դեպքում ԻՀՊԿ և Իրանի բանակի դեմ նրանց ոչ մի զինվոր չի կանգնելու: Ալիևը, կարծես, Իրանի հետ ճգնաժամից «պատվավոր նահանջի ելք է փնտրում»: Փեզեշքիանը կընդառաջի՞ նրան: Ավելի ճիշտ, Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և ԻՀՊԿ հրամանատարությունը նրան Ալիևի հետ բանակցությունների մանդատ կտա՞ն: