Թրամփը Մեսսիին ընդունել է Սպիտակ տանն ու համեմատել Պելեի և Ռոնալդուի հետ (ՎԻԴԵՈ)

Թրամփն ուշադրություն է դարձրել «Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլին և հարցրել. «Դուք տգեղ խաղացողներ ունե՞ք։ Ես չեմ սիրում սիրուն տղամարդկանց»․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի և նրա ավագ Լիոնել Մեսսիի հետ։ Այս մասին հայտնում է ՌԲԿ–ն՝ հղում անելով Reuters-ին։


Հանդիպումը կայացել է հինգշաբթի՝ մարտի 5-ին։ «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստները հրավիրվել էին որպես Ֆուտբոլի բարձրագույն լիգայի (MLS) գործող չեմպիոններ։


«Ես պատիվ ունեմ ասելու այն, ինչ չի ասել ամերիկյան ոչ մի նախագահ. բարի գալուստ Սպիտակ տուն, Լիոնել Մեսսի»,— ասել է ԱՄՆ նախագահը։


«Լեոն ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության «Ոսկե գնդակի» սեփականատերն է։ Դու կարող էիր գնալ ուր կամենայիր, կարող էիր ընտրել աշխարհի ցանկացած թիմ, բայց դու ընտրեցիր Մայամին։ Ես քեզ չեմ մեղադրում, այնտեղ եղանակը շատ լավն է», – ասել է Թրամփը։


Նախագահը խոստովանել է, որ իր որդին արգենտինացու մեծ երկրպագուն է և նրան համարում է «հիանալի մարդ»։


«Կա նաև մի մեծ ջենթլմեն՝ Կրիշտիանու Ռոնալդու անունով։ Կրիշտիանուն մեծ է, դուք էլ եք մեծ»,— ասել է Թրամփը։ Նա նաև Մեսսիին համեմատել է Պելեի հետ. «Ասում են՝ Պելեն շատ լավն էր։ Ասեք՝ ո՞վ է ավելի լավը՝ Պելե՞ն, թե՞ Մեսսին։ Ես կարծում եմ՝ Մեսսին ավելի լավն է», – նշել է Թրամփը։


Դիտարկելով թիմը՝ Թրամփն ուշադրություն է դարձրել «Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլին և հարցրել. «Դուք տգեղ խաղացողներ ունե՞ք։ Ես չեմ սիրում սիրուն տղամարդկանց»։


Ֆուտբոլիստները Թրամփին նվիրել են թիմի բոլոր անդամների ստորագրություններով գնդակ, ինչպես նաև 47 համարի մարզաշապիկ (ինչը խորհրդանշում է նրան որպես ԱՄՆ 47-րդ նախագահ) և վարդագույն ժամացույց (վարդագույնը «Ինտեր Մայամիի» տնային համազգեստի հիմնական գույնն է 2022 թվականից)։


Մեսսին առաջին անգամ էր հյուրընկալվում ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրում։ 2025 թվականի հունվարին նրան հրավիրել էին Ազատության նախագահական մեդալի հանձնման արարողությանը, սակայն այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ջո Բայդենի հետ հանդիպումը չէր կայացել։


Մեսսին 38 տարեկան է, նա հանդես է գալիս «Ինտեր Մայամիի» կազմում 2023 թվականի հուլիսից։ Բացի MLS 2025-ի գլխավոր գավաթից, նա այս ակումբի հետ արդեն նվաճել է 2023թ. Լիգաների գավաթը, ինչպես նաև հաղթել է MLS 2024-ի կանոնավոր առաջնությունում։


 


 

Leave a Comment