Ռուսաստանը և Ուկրաինան մարտի 6-ին 300-ական ռազմագերու են փոխանակել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։«Ռուսաստանի գերությունից տուն է վերադառնում ևս 300 ուկրաինացի պաշտպան։
Այսօր նաև հաջողվել է տուն վերադարձնել երկու ուկրաինացի քաղաքացիական անձի», – հայտարարել է Զելենսկին։ «Նրանց մեծ մասը գերության մեջ էր ավելի քան մեկ տարի, որոշները՝ 2022 թվականից», – ասել է Ուկրաինայի նախագահը։Մարտի 6-ին ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր գերությունից 300 ռուսաստանցի զինծառայողի վերադարձի մասին, որի դիմաց Ռուսաստանը վերադարձրել էր 300 ուկրաինացի ռազմագերու։Մարտի 5-ի կողմերը փոխանակել են 200-ական ռազմագերու։
Փոխանակման վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել Ժնևում եռակողմ բանակցությունների ժամանակ։Ավելի վաղ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ ռազմագերիների փոխանակումը տեղի կունենա երկու օրվա ընթացքում՝ «500-ը 500-ի դիմաց» ձևաչափով։