ԱՄՆ-ի եւ Իսրայելի իրականացրած համատեղ հարձակումների հետեւանքով Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել իրավահաջորդության վերաբերյալ:
Մարտի 1-ի օդային հարձակումների ընթացքում Ալի Խամենեիի ֆիզիկական վերացումը Իրանի համար շրջադարձային իրադարձություն էր: Քաղաքական ասպարեզից հեռացավ մի գործիչ, որն ավելի քան երեք տասնամյակ երկրի բարձրագույն քաղաքական, ռազմական եւ գաղափարական հեղինակությունն էր:
86-ամյա հոգեւորականը կենտրոնացրել էր գրեթե անսահմանափակ իշխանություն՝ վերահսկելով զինված ուժերը, դատական համակարգը եւ արտաքին քաղաքականությունը: Սահմանադրությամբ հոգեւոր առաջնորդին վերապահված լիազորությունները, հետեւաբար նաեւ նրա որոշումները, գերակա էին իշխանական հիերարխիայի մյուս մարմինների ընդունած որոշումների նկատմամբ: Որպես առաջնորդ, պետության ղեկավար եւ գերագույն գլխավոր հրամանատար՝ նա վերջնական խոսքն ուներ զինված ուժերի եւ Իսլամական հեղափոխության Պահապանների Կորպուսի բոլոր հարցերում:
1989 թ. իսլամական հեղափոխության հիմնադիր առաջնորդ Ռուհոլլահ Խոմեյնիի մահվանից հետո երկրի Բանիմացների խորհրդի կողմից Ալի Խամենեիի ընտրությունն այդ պաշտոնում բազմաթիվ հարցեր էր առաջացրել անգամ «նորընտիր» առաջնորդի մոտ: Նա համեստորեն հայտարարում էր, որ արժանի չէ այդ պատասխանատու պաշտոնին եւ նույնիսկ նշել էր, որ «իր թեկնածության առաջադրման համար պետք է արյուն արցունք թափել»:
Խամենեիի կողմնակիցները նրան դիտարկում էին որպես ազգային ինքնիշխանության հաստատակամ պաշտպան արտաքին ճնշումների պայմաններում, մինչդեռ քննադատները նրան համարում էին անհաշտ քաղաքական համակարգի խորհրդանիշ, որը պայքարում էր բարեփոխումների եւ բազմակարծության դեմ:
Ալի Խամենեիի մանկությունը, կրթությունը եւ քաղաքական գործունեության սկիզբը
Ալի Խամենեին ծնվել է 1939 թվականի ապրիլի 19-ին Մեշհեդում՝ համեստ եւ կրոնական ընտանիքում: Նախնական կրթությունն ստանալուց հետո նա շարունակել է կրոնագիտական ուսումնառությունը ծննդավայրում, ապա մեկնել Ղոմ՝ աստվածաբանական բարձրագույն կրթություն ստանալու համար: Նա հայտնի էր նաեւ պոեզիայի եւ գրականության նկատմամբ իր հետաքրքրությամբ:
1960-ականների սկզբին Ալի Խամենեին միացել էր Ռուհոլլահ Խոմեյնիի շարժմանը՝ ընդդեմ Մոհամմադ Ռեզաշահ Փեհլեւիի: 1963 թվականից սկսած՝ հակակառավարական հայտարարություններ տարածելու եւ բողոքի ակցիաներ կազմակերպելու համար նա մի քանի անգամ ձերբակալվել է:
1978-1979 թվականներին ժողովրդական բողոքների սրման եւ միապետության անկման ժամանակ Խամենեին այլ քաղաքական բանտարկյալների եւ աքսորյալների հետ վերադարձել է հանրային կյանք՝ կարեւոր դեր խաղալով Մեշհեդում եւ այլ քաղաքներում ցույցերի կազմակերպման եւ հեղափոխական նպատակների շուրջ հանրային կարծիքի ձեւավորման գործում:
Իշխանության վերելքը եւ առաջնորդության շրջանը
1979 թվականի հեղափոխությունից հետո Խամենեին դարձավ Հեղափոխական խորհրդի անդամ՝ նոր քաղաքական համակարգում զբաղեցնելով բարձր պաշտոններ: Նա եղել է պաշտպանության նախարարի տեղակալ, Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի իմամ եւ խորհրդարանի պատգամավոր: 1981 թվականին, նախագահ Մոհամմադ Ալի Ռաջայիի սպանությունից հետո, Խամենեին ընտրվել է Իրանի նախագահ եւ մինչեւ 1989 թվականը պաշտոնավարել երկու անընդմեջ ժամկետ:
1989 թվականի հունիսին Բանիմացների խորհուրդը նրան ընտրեց որպես Խոմեյնիի իրավահաջորդ: Սահմանադրական փոփոխություններով նրա դիրքը իշխանական բուրգի գագաթում առավել ամրապնդվեց:
Թեեւ սկզբում Խամենեին դիտարկվում էր որպես անցումային թեկնածու, սակայն նա աստիճանաբար ամրապնդեց իր իշխանությունն ու մեծացրեց առաջնորդի աշխատակազմի ազդեցությունը գործադիր եւ օրենսդիր իշխանությունների նկատմամբ:
Նրա ղեկավարությամբ Իրանը արտաքին քաղաքականությունը կառուցեց ԱՄՆ ազդեցությանը դիմակայելու, տարածաշրջանային դաշինքները ընդլայնելու եւ ռազմավարական զսպման քաղաքականությունը պահպանելու սկզբունքների վրա: Միջուկային հարցը դարձավ Խամենեիի ղեկավարման տարիների հիմնարար մարտահրավերներից մեկը:
Արեւմուտքի հետ լարված հարաբերությունների հետեւանքով Իրանը ստիպված էր կրել տնտեսական պատժամիջոցների ծանր բեռը: Երկարատեւ բանակցությունների արդյունքում 2015 թվականին Թեհրանը ընդունեց «Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր» (ՀԳՀԾ) համաձայնագիրը: Սակայն 2018 թվականին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս համաձայնագրից, ինչի հետեւանքով այն փաստացի փլուզվեց:
ԱՄՆ-ի հետ միջնորդավորված բանակցությունների ընթացքում Վաշինգտոնը ձգտում էր հասնել Իրանի կողմից ուրանի հարստացման զրոյական մակարդակի, մինչդեռ Թեհրանը պնդում էր պահպանել հարստացման իրավունքը եւ ամբողջապես վերացնել պատժամիջոցները:
2026 թ. փետրվարի 17-ին իր վերջին ուղերձներից մեկում Խամենեին միջուկային էներգիան անվանել էր Իրանի «անբեկանելի իրավունքը» եւ քննադատել ԱՄՆ-ին՝ առավելապաշտական պահանջների համար:
Խամենեիի մահը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Վաշինգտոնն ու Թեհրանը ներգրավված էին այդ ձեւաչափով միջնորդավորված բանակցություններում:
Իրավահաջորդության սահմանադրական կարգը
Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության համաձայն, Գերագույն առաջնորդի մահվան, պաշտոնանկության կամ հրաժարականի դեպքում գործում է իրավահաջորդության հստակ կարգ: Նոր առաջնորդի ընտրությունը գտնվում է Բանիմացների խորհրդի իրավասության ներքո: Ժողովրդի կողմից ընտրված եւ բարձրագույն հոգեւորականներից կազմված խորհրդի 88 անդամները պարտավոր են հնարավորինս սեղմ ժամկետում ընտրել նոր առաջնորդ:
Մինչեւ նոր Գերագույն առաջնորդի ընտրությունը նրա լիազորությունները ստանձնում է Ժամանակավոր խորհուրդը, որը բաղկացած է երեք անդամից՝ Հանրապետության նախագահից, Դատական իշխանության ղեկավարից եւ Սահմանադրության պահապանների խորհրդի կրոնագետ (ֆաքիհ) անդամից, որն ընտրվում է Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի կողմից:
2026 թվականի մարտի 1-ի դրությամբ Ժամանակավոր խորհրդի կազմում ընդգրկվել են՝
– ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը,
– ԻԻՀ դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին,
– Պահապանների խորհրդի կրոնագետ (ֆաքիհ) անդամ Ալիռեզա Աարաֆին:
ԻԻՀ Սահմանադրության 111-րդ հոդվածի համաձայն, առաջնորդի մահվանից մինչեւ Բանիմացների խորհրդի կողմից նոր առաջնորդի ընտրությունը վերոնշյալ երեք անդամից բաղկացած խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է առաջնորդի պարտականությունները:
Միեւնույն ժամանակ, խորհրդի լիազորությունները սահմանափակ են եւ որոշ հարցերում կարող են իրականացվել միայն Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի անդամների երեք քառորդի հավանությամբ: Այդ հարցերից են՝
– համակարգի ընդհանուր քաղաքականության սահմանումը,
– հանրաքվե անցկացնելու հրամանի արձակումը,
– պատերազմի կամ խաղաղության հայտարարումը,
– Հանրապետության նախագահի պաշտոնանկությունը,
– Գլխավոր շտաբի պետի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի, ինչպես նաեւ բարձրաստիճան ռազմական եւ ոստիկանության հրամանատարների նշանակումն ու ազատումը:
Սահմանադրությունը նախատեսում է Բանիմացների խորհրդի նիստ գումարել՝ նոր առաջնորդի ընտրության օրակարգով: Սակայն երկրում տիրող արտակարգ իրավիճակի եւ թեկնածության շուրջ առկա անորոշության պայմաններում նիստի գումարումն առայժմ ձգձգվում է:
Որպես հավանական թեկնածու՝ առավել հաճախ շրջանառվում է Խամենեիի որդու՝ Մոջթաբայի անունը: Տարածվել են նաեւ տեղեկություններ, թե նրա ընտանիքը հրթիռակոծությունների զոհ է դարձել: Կան ենթադրություններ, որ նա եւս զոհվածների թվում է, սակայն այդ լուրը պաշտոնապես չի հաստատվել: Ներկայում նրա բացակայությունը բացատրվում է ընտանեկան սգի եւ կազմակերպչական հարցերով զբաղված լինելու հանգամանքով:
Բանիմացների խորհրդի անդամ Ահմադ Խաթամին իր հարցազրույցներից մեկում նշել է. «Մի անգամ Հոգեւոր առաջնորդն ինձ հավաստիացրել է, որ ապագան այսօրվա համեմատությամբ ավելի պայծառ է լինելու»: Նա հավելել է, որ ապագայի հանդեպ վստահությունը բխում է նաեւ մահմեդականների սուրբ գրքի պատգամներից, սակայն ընդգծել է, որ երկիրը գտնվում է պատերազմի մեջ:
«Իսնա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ահմադ Խաթամին հայտարարել է. «Ես ժողովրդին վստահեցնում եմ, որ երկրի հոգեւոր առաջնորդի ընտրության հարցում որեւէ խնդիր չի լինի: Ժամանակավոր խորհուրդն առայժմ ղեկավարում է երկիրը, եւ առաջին իսկ հնարավորության դեպքում կընտրվի նաեւ նոր Հոգեւոր առաջնորդը»:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ