Միրզոյանը և Բայրամովը մտահոգություն են հայտնել տարածաշրջանի վերջին զարգացումների առումով

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն են հայտնել տարածաշրջանի վերջին զարգացումների շուրջ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։

Միրզոյանը և Բայրամովը կարևորել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը և մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։ Երկու օր անց նրա կինը՝ Մանսուրե Խոջաստ Բաղերզադեն, մահացել էր ստացած վնասվածքներից։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով:

Մարտի 5-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Նախիջևանում ընկել են երկու անօդաչու թռչող սարքեր, որոնք ենթադրաբար արձակվել էին Իրանից: Ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերին հանձնարարվել է պատրաստվել պատասխան գործողությունների Նախիջևանի վրա Իրանի հարձակումից հետո։ Բաքուն հայտարարել էր, որ հարձակումը նպաստել է տարածաշրջանում լարվածության սրմանը։ Թեհրանն, իր հերթին, մեղադրել էր Իսրայելին։ Դրանից հետո Ադրբեջանի իշխանությունները որոշել էին դադարեցնել բեռնատարների երթևեկությունը Իրանի սահմանին և 12 ժամով փակել էին օդային տարածքի մի մասը հարավում գտնվող Իրանի սահմանի մոտ։

Leave a Comment