Լիբանանի Բրիտել, Դորիս և Մաջդալուն քաղաքների բնակիչները, որոնք գտնվում են արևելյան Բեքաա հովտում, Իսրայելի բանակից նախազգուշացում են ստացել լքել իրենց տները։
Ռազմական խոսնակ Ավիչայ Էդրիի արաբերեն լեզվով X-ում տարածված հայտարարության մեջ նշվում է, որ այս քաղաքները, որտեղ տեղակայված են շիական «Հըզբոլլահի» օբյեկտները, հարձակման կենթարկվեն առաջիկա ժամերին։
«Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) ստիպված են ուժ կիրառել «Հըզբոլլահի» դեմ, բայց մենք չունենք ձեզ վնասելու մտադրություն», – ասվում է հայտարարության մեջ։ «Հետևաբար, ձեր անվտանգության համար մենք շտապ պահանջում ենք, որ դուք լքեք այս վտանգավոր տարածքը և շարժվեք դեպի արևմուտք՝ Բաալբեկ-Զահլե մայրուղով»։
Էդրին նշել է, որ Իսրայելի զինվորականները կտեղեկացնեն երեք քաղաքների բնակիչներին, թե երբ նրանք կարող են վերադառնալ իրենց տները։