Արեգակի ակտիվության նվազման պայմաններում մագնիսական փոթորիկները Երկրի վրա դեռ կշարունակվեն մոտ երկու տարի։ Սակայն գիտնականները կանխատեսում են, որ 2028-31թթ. դրանք կարող են ամբողջությամբ դադարել. հայտնում են Ռուսաստանի ԳԱ տիեզերական հետազոտությունների ինստիտուտից։
Առաջիկա երկու տարին Արեգակի ակտիվությունը շարունակելու է նվազել, բայց մագնիսական փոթորիկներ դեռ կլինեն։ Դրանք հիմնականում պայմանավորված են Արեգակի մակերևույթում առաջացող կորոնալ անցքերով, որոնք արևային քամու հոսքեր են ուղղում դեպի Երկիր։
Նույնիսկ այն ժամանակ, երբ Արեգակի մակերեսին բծեր չեն դիտվում, մագնիսական փոթորիկներ կարող են առաջանալ։ Օրինակ, փետրվարի 22-25-ը Արեգակի վրա բծեր չէին գրանցվել, սակայն Երկրի վրա արձանագրվել էր միջին ուժգնության մագնիսական փոթորիկ։
Գիտնականների հաշվարկներով՝ այժմ ընթանում է Արեգակի դիտարկված 25-րդ ցիկլը, որը սովորաբար տևում է մոտ 11 տարի։ Ներկայիս ցիկլը իր առավելագույն ակտիվությանը հասել է 2024 թվականին և այժմ անցել է նվազման փուլ։ Ցիկլի նվազագույն փուլը սպասվում է 2028-2031 թվականներին, երբ մագնիսական փոթորիկները կարող են ամբողջությամբ բացակայել։
