Ադրբեջանի կառավարությունը դադարեցրել է Իրանի հետ սահմանով բեռնատար մեքենաների երթևեկությունը։
Նախարարական կաբինետը տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ որոշումը պայմանավորված է Նախիջևանի օդանավակայանի, դպրոցի և այլ շինությունների վրա հարձակումներով։
«Հաշվի առնելով իրավիճակը, որ ստեղծվել է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին հակասող հարձակումների հետևանքով, նախարարական կաբինետը որոշել է ամբողջովին դադարեցնել Ադրբեջանի և Իրանի միջև առկա բոլոր անցակետերով բեռնատար մեքենաների երթևեկությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ադրբեջանը փակել է նաև Իրանին հարակից օդային սահմանը Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո։
Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել:
Երկրի ԱԳՆ-ն հաստատել է միջադեպը՝ խստիվ դատապարտելով այն ու նշելով, որ իրանական անօդաչուների հարվածներից տուժել է Նախիջևանի օդանավակայնն ու մոտակա դպրոցի շենքը․ կա 2 տուժած:
Ադրբեջանը փակել է Իրանին հարակից օդային սահմանը Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո։
Այս մասին հայտնում է AL Arabiya-ն։ Ադրբեջանը օդաչուներին ծանուցում է ուղարկել, որով տեղեկացրել է, որ օդային սահմանը փակ կլինի 12 ժամով։
«Իրանը ահաբեկչական գործողություն է իրականացրել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջան պետության դեմ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Մարտի 5-ին նրա նախագահությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։
«Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը ենթարկվել է Իրանի պետության կողմից անօդաչու թռչող սարքերով հարձակման։ Հրետակոծության թիրախները քաղաքացիական օբյեկտներն էին։
Նախիջևանի միջազգային օդանավակայանը, դպրոցը և այլ տարածքներ ենթարկվել են Իրանի կողմից գնդակոծության: Ադրբեջանական պետությունը խստորեն դատապարտում է այս նողկալի ահաբեկչական գործողությունը, և այն կատարողները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն։
Իրանի պաշտոնյաները պետք է բացատրություն տան ադրբեջանական կողմին, պետք է ներողություն խնդրեն, և այս ահաբեկչական գործողությունը կատարողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արձագանքել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպին՝ շեշտելով, որ Իրանի հարձակումը Նախիջևանի վրա անպատասխան չի մնա:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Իրանի զինված ուժերի՝ երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացրած հարձակումները, որոնք իրականացվել են առանց որևէ ռազմական անհրաժեշտության։
Այս միջադեպի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Իրանի Իսլամական Հանրապետության վրա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատրաստում է անհրաժեշտ պատասխան միջոցներ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար։ Այս հարձակումներն անպատասխան չեն մնա»,- ասվում է հայտարարության մեջ:
«Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում»։
Այս մասին Ուզբեկստանի ԱԳ նախարար Բախտիյոր Սաիդովի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ջեյհուն Բայրամովը զրուցակցին մանրամասն տեղեկություններ է հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ իրականացված այս գործողությունը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտում է և անմիջականորեն նպաստում է տարածաշրջանում լարվածության մեծացմանը։
Ադրբեջանական կողմը նաև տեղեկացրել է, որ Իրանից պահանջում է սեղմ ժամկետներում պարզաբանել հարձակման հանգամանքները, տալ համապատասխան բացատրություններ և ձեռնարկել անհրաժեշտ անհապաղ միջոցներ՝ հետագայում նմանատիպ դեպքերի կրկնությունը բացառելու համար։
***
Թեհրանը հետաքրքրված է Բաքվի հետ բարիդրացիական հարաբերություններով և ցանկանում է ընդլայնել կապերը բոլոր ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Իրանի ԱԳՆ–ն։
Արաղչին հայտնել է, որ Իրանի զինված ուժերը հետաքննում են անօդաչու թռչող սարքերի Ադրբեջանի տարածքում հայտնվելու միջադեպը՝ ընդգծելով, որ դրանք Թեհրանը չի արձակել։
«Խոսելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում այսօր տեղի ունեցած պայթյունների մասին՝ Արաղչին հերքել է Իրանի կողմից Ադրբեջանի ուղղությամբ որևէ արկի արձակումը և հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը հետաքննում են միջադեպը», – ասվում է Իրանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Աբբաս Արաղչին ափսոսանք է հայտնել առ այն, որ միջադեպի հետևանքով մարդիկ են տուժել։
Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտնել է, որ Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացվել, չորս մարդ տուժել է: