5 մարտի 2026 – 18:25 AMT
PanARMENIAN.Net – «Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանի գույքը չի բռնագանձվի: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել Բաղդասարյանից և նրա կնոջից՝ Ուլյանա Կեռասովայից, ապօրինի ծագման գույքի բռնագանձման պահանջով դատախազության հայցադիմումը մերժելու մասին որոշումը։
Դատարանի որոշումը չի բողոքարկվել, ինչի արդյունքում այն մտել է օրինական ուժի մեջ, հայտնում է «Փաստինֆոն»:
Բաղդասարյանի գույքի ուսումնասիրությունը դատախազությունում սկսվել է 2020 թվականին, որի ընթացքում ուսումնասիրվել են նաև 1990-ականներին վերաբերող տվյալներ։ Դատախազությունը պահանջել է բռնագանձել Արագածոտնի մարզում գտնվող տունը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը՝ 40 միլիոն 280 հազար դրամ։ Բացի այդ, պահանջվել է բռնագանձել Երևանում գտնվող տունը կամ դրա միջին շուկայական արժեքը՝ 30 միլիոն 200 հազար դրամ, ինչպես նաև 920 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը, ըստ դատախազության, առաջացել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի օտարման արդյունքում։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, ավելի վաղ մերժել է դատախազության հայցադիմումը։
Պատասխանող կողմը հիմնավորել է, որ մինչև պաշտոն զբաղեցնելը Լյովա Բաղդասարյանը ունեցել է զգալի եկամուտներ, որոնք կարող էին ապահովել նշված գույքերի ձեռքբերումը։ Նշվել է նաև, որ այդ գույքերը ձեռք են բերվել այն ժամանակահատվածում, երբ նա դեռևս չի հանդիսացել հանրային ծառայող։
Դատարանը նաև եզրակացրել է, որ տվյալ գործի շրջանակում չի հաստատվել Լյովա Բաղդասարյանի ենթադրյալ հանցավոր վարքագծի և նշված գույքերի ձեռքբերման միջև նույնիսկ անուղղակի կապի առկայությունը։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է դատախազության բողոքը և ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը։