Հայկական տարազով՝ միջազգային պոդիումներում. սիրիահայ մոդել Մարիա Ղարիբյանի ոգեշնչող պատմությունը․ «Սփյուռքի ձայնը»

Պատերազմի արհավիրքից փրկված մանկություն, զրոյից սկսված կյանք պատմական հայրենիքում և անսպառ կամք՝ հասնելու համաշխարհային բարձունքների: Սիրիահայ մոդել Մարիա Ղարիբյանի պատմությունը պարզապես գեղեցկության և նորաձևության մասին չէ. դա սփյուռքահայի տոկունության, արմատներին կառչած մնալու և սեփական երազանքներին ընդառաջ գնալու տպավորիչ ուղի է։

Այսօր Մարիան ոչ միայն հաջողակ մոդել է, ով քայլում է Փարիզի, Միլանի ու Դուբայի նորաձևության շաբաթների բեմերում, այլև հայկական մշակույթի յուրօրինակ դեսպան է միջազգային հարթակներում։

Արմատներ և կարոտ. սիրիահայ համայնքի կոփած բնավորությունը

Մարիայի ընտանիքը Սիրիայից Հայաստան տեղափոխվեց 2015-2016 թվականներին՝ թողնելով այնտեղ ոչ միայն տուն ու կենցաղ, այլև աշխույժ ու հայրենասիրությամբ շնչող հայկական համայնքը։ «Երբ ապրում ես Սփյուռքում, անընդհատ երազում ես հայրենիքի մասին: Ես չորս տարեկանից մեծացել եմ այդ հայրենասիրական ոգով, և մինչ օրս էլ, երբ հարցը վերաբերում է հայկականությանը, ես պատրաստ եմ անմնացորդ ծառայել իմ ազգին», — ասում է Մարիան: Սիրիահայերին բնորոշ աշխատասիրությունն ու գործին նվիրվելու հատկությունը Մարիային օգնեցին Հայաստանում հաղթահարել նոր կյանք սկսելու դժվարությունները: «Մենք չափազանց բարդ ճանապարհ ենք անցել՝ զրոյից կառուցելով մեր կյանքը, և երբեք չենք մոռանում մեր արմատներն ու անցած ուղին»։

«Ամոթ»-ի կարծրատիպերից՝ պրոֆեսիոնալ մոդելինգ

Հետաքրքիր է, որ մոդելի կարիերան Մարիայի նախնական պլաններում չի եղել։ Հայաստանում Եվրոպական համալսարանում սովորելիս նա պատրաստվում էր ստանձնել գրասենյակային աշխատանք։ Բեկումնային եղավ COVID-19 համավարակի շրջանը։ «Տարիներ շարունակ ոլորտ մուտք գործելու առաջարկներ էի ստանում, սակայն վստահ էի, որ ծնողներս չեն թույլատրի։ Մեր միջավայրում մոդելային աշխարհի հանդեպ կար որոշակի կարծրատիպ, մի տեսակ «ամոթի» զգացում։ Սակայն համավարակի շրջանում գիտակցեցի, որ կյանքն անցնում է, և մենք չգիտենք՝ վաղն ինչ է սպասվում մեզ։ Հենց այդ ժամանակ էլ վճռեցի կոտրել կարծրատիպերն ու ընդունվել մոդելային դպրոց»։

Դռներ բացելով հայ մոդելների համար՝ Եվրոպայի սրտում

Մարիա Ղարիբյանն այն մոդելներից է, ով ոչ միայն վայելում է սեփական հաջողությունը, այլև փորձում է օգտակար լինել հայրենակիցներին։ «Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում ինձ մի հարց էր տանջում. ինչո՞ւ հայ դիզայներներն ու մոդելները ներկայացված չեն այս հարթակում։ Վճռեցի բանակցել կազմակերպիչների հետ և ներկայացնել մեր հայկական ներուժը։ Ես ցույց տվեցի, որ մենք ունենք փայլուն մոդելներ և տաղանդաշատ դիզայներներ։ Այսօր իմ հայ գործընկերուհիներն արդեն քայլում են փարիզյան պոդիումներում։ Տեսնել նրանց ուրախությունը նույնն է, ինչ մարդուն երազանք նվիրելը», — հպարտությամբ նշում է նա։

Հայկական տարազի և դիզայնի կրողը միջազգային բեմերում

Մարիայի համար առանձնահատուկ հոգեվիճակ է հայ դիզայներների հագուստները կրելը: «Հայկական տարազ կրելիս ես ամեն անգամ փշաքաղվում եմ։ Միջազգային հարթակներում մեր ազգային հագուստը ներկայացնելն ինձ համար մեծագույն պատիվ է։ Իմ ողջ կարիերայի ընթացքում ես երբեք այնքան չէի հուզվել, որքան Գյումրիում և Ախալքալաքում կայացած ցուցադրությունների ժամանակ, քանի որ մարդկանց աչքերում տեսնում էի մեր արմատների ու ինքնության հանդեպ անսահման կարոտը»։

Նպատակակետը՝ Նյու Յորք և համաշխարհային բրենդներ

Մարիան չի բավարարվում ձեռքբերածով։ Նրա հաջորդ մեծ նպատակը Նյու Յորքի նորաձևության շաբաթն է (New York Fashion Week), ինչպես նաև աշխատանքը համաշխարհային հսկաների՝ Dolce & Gabbana-ի և Victoria’s Secret-ի հետ։ Հարցազրույցի վերջում Մարիան անում է իր ամենաանկեղծ խոստովանությունը. «Այսօր այստեղ գտնվելն ու իմ ուղու մասին խոսելն արդեն իսկ մեծագույն հաղթանակ է։ Տասը տարի առաջ, երբ ապրում էի պատերազմական Սիրիայում, ես նույնիսկ վստահ չէի՝ կարթնանա՞մ հաջորդ առավոտ, թե՞ ոչ… Ուստի ինձ համար կյանքի մեծագույն պարգևն ու պատիվն է պարզապես ապրելը, ստեղծագործելն ու երազանքներիս հետևելը»։

Leave a Comment