Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծին

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Առաջարկվում է մեղադրյալի կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով նախատեսել հնարավորություն առ այն, որ դատարանը տնային կալանք և դրա ընթացքում նամակագրության, հեռախոսային խոսակցություններից, կամ հաղորդակցության այլ ձևերից օգտվելու սահմանափակում կիրառելիս կարողանա սահմանել բացառություն կրթական ծրագրերով հեռավար (դիստանցիոն) կրթությունը շարունակելու մասով:

Գործադիրը հավանություն է տվել նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել կարգավորումներ, որոնք կնպաստեն բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումների բնականոն ընթացքին, մասնավորապես գիտական կազմակերպությունների և բուհերի գործադիր մարմինների ընտրության պարագայում առավել մրցունակ պայմանների, բաց, թափանցիկ մեխանիզմների երաշխավորմանը, այդ գործընթացի համար նախատեսելով ողջամիտ ժամկետներ, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ (մասնավորապես բակալավրի կրթական աստիճանում) ընդունելության գործընթացի բնականոն կազմակերպմանը՝ մինչև օրենքով նախատեսված նոր կարգավորումների կիրառումը։

Leave a Comment