Թորոսյան․ 600,000 ավելի անձանց կենսաթոշակը կբարձրանա 10,000 դրամով, մոտ 39,000-ը՝ մոտ 8500 դրամով

Թորոսյան․ 600,000 ավելի անձանց կենսաթոշակը կբարձրանա 10,000 դրամով, մոտ 39,000-ը՝ մոտ 8500 դրամով

5 մարտի 2026 – 14:59 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի կառավարությունը մարտի 5-ի նիստում հաստատել է կենսաթոշակներն ու նպաստները բարձրացնելու որոշումը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ 623,353 քաղաքացու կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամով և ավելի, իսկ 39,594 քաղաքացու կենսաթոշակը կավելանա մոտ 8500 դրամով, հայտնում է Panorama.am-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում աշխատող և հարկ վճարող քաղաքացիներին, ինչպես նաև ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև այն օտարերկրացիներին, որոնք աշխատում են Հայաստանում և վճարում են հարկեր։

«Ապրիլին ստացվող թոշակն արդեն իսկ փոփոխություններով կլինեն»,- ասել է Փաշինյանը։

Թորոսյանը շարունակել է, որ հենց ապրիլի 1-ին վճարումները կկատարվեն արդեն փոփոխված չափերով։

Կառավարության մարտի 5-ի նիստում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ 2026 թվականի բյուջեն պլանավորելիս հաշվարկել են, որ 2025-ին պլանավորածից 30 միլիարդով ավելի եկամուտ են հավաքելու, հայտնում է 1lurer.am-ը:

«Դրան գումարվում է նաև տնտեսական աճի հավելյալ չափի էֆեկտը, և դրա հետևանքով մենք ակնկալում ենք, որ կունենանք առնվազն 40 միլիարդով ավելի հարկային եկամուտներ, քան պլանավորված է 2026 թվականի բյուջեով: Ունենք նաև պահուստային միջոցներ, որոնք դրված են տարվա ընթացքում ի հայտ եկող այլ խնդիրներ լուծելու համար: Այս երկու աղբյուրներից մենք կարողանալու ենք ֆինանսավորել»,- ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով քննարկմանը, նշել է, որ կառավարության խնդիրն է ապահովել, որպեսզի կենսաթոշակները չլինեն սպառողական զամբյուղից ցածր։ Նա նաև ընդգծել է, որ այդ հայտարարությունը անում է առանց երկար փորձագիտական քննարկումների՝ հաշվի առնելով առկա ռեզերվները։

«Խնդիրը հետևյալն է. որ մեր թոշակն այլևս երբեք սպառողական զամբյուղից ցածր պետք է չլինի և չի լինի: Սա պատմական փոփոխություն է: Իմ ասածն այն է, որ պատմական փոփոխությունն ունի երկու առանձնահատկություն. առաջինը՝ երբ դրան հասնում ես, շատ լավ է, բայց հետո երբեմն մոռանում ես, որ պետք է խնամք տանել այդ պատմական ձեռքբերման նկատմամբ, և դա գնում, հետ է գլորվում դեպի նախնական վիճակ:

Դա վերաբերում է ամեն ինչին. դա վերաբերում է խաղաղությանը, սոցիալական իրավիճակին, կրթությանը, բացարձակապես ամեն ինչին: Պետք է ֆիքսել և խնամք տանել, որպեսզի այն, ինչ ձեռք ես բերել, հետագայում զարգանա»,- ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով կառավարության անդամներին նման արդյունքի համար։

Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան՝ չհաշված հետվճարը, ֆեյսբուքյան եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիմնավորել է որոշումը 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսվածից բարձր լինելու հանգամանքով:

«Ապրիլի 1-ից կենսաթոշակները կավելանան։ Ընդ որոշում համեմատաբար ցածր թոշակները կավելանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի քիչ: Այս հաշվարկների մեջչկա անկանխիկ առևտրից ստացվող հետվճարը։ Հետվճարն արդեն առանձին հաշվարկ է. որի մասին բազմիցս խոսել ենք»,-ասել է նա։

Leave a Comment