Բաքուն մեղադրում է Իրանին Նախիջևանի վրա ԱԹՍ-ներով հարձակման մեջ և հայտնում վիրավորների մասին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տերմինալի մոտակայքում, մյուսը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի հարևանությամբ։ Օդանավակայանի շենքը վնասվել է, քաղաքացիական 2 անձ՝ վիրավորվել։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց վիճակը կայուն է։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Բաքուն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ։ Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն կանչվել է ԱԳՆ։
«Իրանական կողմին ուղղված է խիստ բողոք, նրանց կհանձնվի համապատասխան բողոքի նոտա»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանի ՊՆ-ն դատապարտել է Իրանի ԶՈւ կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները և նշել, որ պատրաստում են անհրաժեշտ արձագանքման միջոցառումներ և այդ հարձակումներն անպատասխան չեն մնա։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանից արձակված ԱԹՍ-ն ընկել է Նախիջևանի տարածքում։
