Հոկտանյան․ 50-ից ցածր ցուցանիշը նշանակում է՝ կոռուպցիա կա նաև բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ

Հոկտանյան․ 50-ից ցածր ցուցանիշը նշանակում է՝ կոռուպցիա կա նաև բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ

5 մարտի 2026 – 12:57 AMT

PanARMENIAN.Net – Երբ կոռուպցիայի ընկալման համաթիվը 50-ից ցածր է, իսկ ՀՀ-ի դեպքում՝ 46, «դա նշանակում է՝ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ կոռուպցիա կա», ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանը:

Նա նշել է, որ ՀՀ-ի 46 ցուցանիշում իրականում չի երևում, թե հարուցված գործերը վերաբերում են ներկա, թե նախկին պաշտոնյաներին, կարճված կամ փլուզված գործերը վերաբերում են նախկին, թե գործող պաշտոնյաներին, սակայն, ըստ նրա, թե ինչպես են աշխատում իրավապահները, ըստ էության, տեսանելի է, գրում է «Փաստինֆոն»:

Նա նաև մեջբերել է 2025 թվականի զեկույցի հետևյալ ձևակերպումը. «Հայաստանն ընդունեց միջազգային չափանիշներին համապատասխանող հակակոռուպցիոն օրենսդրություն և ռազմավարություն։ Հետագա առաջընթացը այժմ կախված է դատական և դատախազական համակարգերի անկախությունից և արդյունավետությունից»։

Միաժամանակ նշվել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի զեկույցում ասվել է, որ դատարան է ուղարկվել 298 հանրային ծառայողի գործ։ Սակայն այդ տվյալներում տարանջատում չի արվել՝ դրանք վերաբերում են նախկին, թե գործող պաշտոնյաներին, քանի որ, ինչպես նշել է Կոմիտեի նախագահը, կառույցի համար նման տարբերակում չկա։ Ընդ որում, 35 էջանոց զեկույցում հիմնականում խոսվել է նախկին պաշտոնյաների մասին, իսկ քրեական գործով անցնող գործող պաշտոնյաներից հիշատակվել է միայն մեկ ՔՊ ներկայացուցիչ։

Հոկտանյանը ընդգծել է, որ հրապարակված ցուցանիշը կոռուպցիայի ընկալման համաթիվն է։

«Ես բազմիցս նշել եմ, որ կոռուպցիան չափել հնարավոր չէ, դրա համար փորձում ենք առնվազն ընկալումը չափելով պատկերացում կազմել կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ։ Սակայն այն մեջբերումը, որ ներկայացրեցի, արդեն վկայում է, որ միջազգային կազմակերպությունները, որոնք ուսումնասիրել են դատական և դատախազական համակարգերը, տեսել են խնդիրներ։ Մենք չենք կարող հստակ ասել, թե կոնկրետ ինչն է պատճառը, որ այդպիսի ձևակերպում է տեղ գտել զեկույցում, բայց համաթվի դինամիկան, դրա մեծությունը և այլ գործոններ հարցեր են առաջացնում, թե ինչու է այդպես»,-ասել է փորձագետը:

Նրա խոսքով՝ զեկույցում այդ ձևակերպման պատճառներից մեկը կարող է լինել նաև այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեն չի տարբերակում՝ հարուցված գործերը վերաբերում են գործող, թե նախկին պաշտոնյաներին։

«Կարծում եմ՝ պետք է բարձրաձայնել, որ այստեղ անհավասարակշռություն, այսպիսի ասիմետրիա կա։ Եթե չեն ներկայացվում տվյալներ, թե քանիսն են նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերը և քանիսը՝ գործողների, ապա դա ուղղակի ոչ թափանցիկ աշխատանքի արդյունք է,-ասել է նա:

Leave a Comment