5 մարտի 2026 – 13:09 AMT
PanARMENIAN.Net – Բաքվում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ` Նախիջևանին ԱԹՍ-ներով հարվածի կապակցությամբ:
«Իրանական կողմին խիստ բողոք է հայտնվել, կհանձնվի համապատասխան բողոքի նոտա»,ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է APA-ն:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ մարտի 5-ի ցերեկային ժամերին Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքին:
Ըստ հաղորդագրության՝ անօդաչու սարքերից մեկը ընկել է Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մյուսը՝ Շեքերաբադ գյուղում գտնվող դպրոցի շենքի մոտ։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք այս անօդաչու սարքերի հարձակումները, որոնք իրականացվել են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից, ինչի հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքը և տուժել է 2 խաղաղ բնակիչներ»։
Նշվել է, որ «Ադրբեջանի տարածքի դեմ իրականացված այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին և նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև բացատրություններ է պահանջել Իրանից և անհրաժեշտ անհետաձգելի քայլեր՝ ապագայում նման դեպքերի կրկնությունը բացառելու համար։
Հայտարարության մեջ նաև ընդգծվել է, որ ադրբեջանական կողմը իրեն վերապահում է համապատասխան պատասխան քայլեր ձեռնարկելու իրավունք։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին: Եվս մի քանի անօդաչու թռչող սարքեր ընկել են այլ տարածքներում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է դպրոցի հարևանությամբ: