Իրանն անօդաչուներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին

Իրանն անօդաչուներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Սկզբում տեղեկություններ կային, որ ևս մի քանի անօդաչուներ ընկել են այլ հատվածներում։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ անօդաչուներից մեկն ընկել է Նախիջևան քաղաքի դպրոցներից մեկի մոտ, իսկ դրանց թիվն ընդհանուր առմամբ երկուսն է եղել։

Նախիջևանի կրթության նախարարությունից ադրբեջանական Report-ին հայտնել են, որ օդանավակայանի մոտակայքում գտնվող երկու դպրոցներից տարհանվել են ուսուցիչներն ու աշակերտները։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ տարհանումն իրականացվել է աշակերտների անվտանգության ապահովման նպատակով։

Նախիջևանի կրթության նախարարությունը նաև հավելել է, որ դպրոցներին որևէ վնաս չի հասցվել, իսկ կրթական գործընթացը շարունակվում է սովորական ռեժիմով։

Նախիջևանի առողջապահության նախարարությունից էլ նշել են, որ տեղի ունեցածով պայմանավորված միայն մեկ մարդ է դիմել Նախիջևանի հիվանդանոց։ Վերջինս լսողության հետ խնդիրներ է ստացել։ Մեկ այլ տուժածի մասին էլ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Լուսանկարը՝ caspianpost.com-ից

 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment