5 մարտի 2026 – 12:23 AMT
PanARMENIAN.Net – Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրումը արդեն կայացած փաստ է, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ:
«Տասնյակ հազարավոր մարդիկ կարող են արդեն ապահովագրվել։ Հիմա հինգ-վեց ապահովագրական ընկերություններ ակտիվ ապահովագրություն են իրականացնում ՀՀ մարզերում, այսինքն՝ իրենք անձամբ գնում են և տեղում են կատարում ապահովագրությունը։ Կառավարությունը վճարում է ապահովագրության 40-60 տոկոսը»,-մանրամասնել է Պապոյանը, հայտնում է Արմենպրեսը:
Անդրադառնալով աջակցության այլ ծրագրերին՝ նախարարը նշել է, որ կառավարությունը ավելի քան 3 միլիարդ դրամի չափով փոխհատուցում է տրամադրել 2024-2025 թվականներին կարկտահարությունից տուժած գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց։
Նա նաև նշել է, որ ներկայում հացահատիկային, հատիկաընդեղենային և այլ մշակաբույսերի հավաստագրված սերմերի մշակություն իրականացնելու դեպքում կառավարությունը փոխհատուցում է կատարված ծախսերի 50 տոկոսը։
Պապոյանը կարևորել է նաև ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը՝ այն համարելով կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը, քանի որ այն բարձր եկամտաբերություն ապահովող ոլորտ է։
Նախարարի խոսքով՝ կառավարությունը տարբեր ուղղություններով աջակցության ծրագրեր է իրականացրել՝ ինտենսիվ այգիների հիմնման, տոհմային կենդանիների ձեռքբերման դեպքում մինչև 50 տոկոս հետվճարի տրամադրում, ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրում, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ժամանակ վարկերի տոկոսադրույքների ավելի քան 90 տոկոսի վճարում, ինչպես նաև գյուղտեխնիկայի լիզինգի ծրագիր։