«Մարտի 1»-ի գործով ոստիկանության նախկին պաշտոնյան ու Տեր-Պետրոսյանի շտաբի պետն առերեսվել են. ԶԼՄ

«Մարտի 1»-ի գործով ձերբակալված ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանը և նախկին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետ Էդուարդ Ասատրյանը առերեսվել են, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թամանյանի դեմ, ըստ պարբերականի, ցուցմունք է տվել Ասատրյանը: Նրանց առերեսումը կազմակերպվել է երեկ՝ մարտի 4-ին, ՀՀ քննչական կոմիտեում:

Թամամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել փետրվարի 25-ին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելուն հանցակցելու համար: Ոստիկանության նախկին պաշտոնյային մեղադրում են, որ նրա հանձնարարությամբ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության ծառայողները բռնություն են կիրառել իշխանությունների դեմ ակցիայի մասնակից Ասատրյանի նկատմամբ։

«Մարտի 1»-ի քրեական գործով փետրվարին մեղադրանքներ էին առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի նկատմամբ՝ մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների ցրումը կազմակերպելու համար:

Leave a Comment