Իսպանիան հերքում է իր զինվորականների հետ համագործակցելու մասին ԱՄՆ-ի պնդումները

Իսպանիայի կառավարությունը հերքում է ԱՄՆ-ի պնդումները՝ Մադրիդի՝ ԱՄՆ զինվորականների հետ համագործակցելու մտադրության մասին, Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։

«Ես վճռականորեն հերքում եմ դա։ Իսպանիայի կառավարության դիրքորոշումը Մերձավոր Արևելքում պատերազմի, Իրանի ռմբակոծության և մեր բազաների օգտագործման վերաբերյալ բացարձակապես չի փոխվել»,- ասել է դիվանագետը Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը վստահեցրել էր, որ Իսպանիան համաձայնել է համագործակցել ԱՄՆ զինվորականների հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 3-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է խզել Իսպանիայի հետ բոլոր առևտրային հարաբերությունները։ Նա նաև պնդել էր, որ ԱՄՆ զինված ուժերը կարող են օգտագործել Իսպանիայում գտնվող բազաները Իրանի դեմ գործողության ժամանակ, չնայած Մադրիդի դժգոհությանը։

ԱՄՆ-ի սպառնալիքներից հետո Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել էր, որ Իսպանիան չի մասնակցի աշխարհի համար որևէ բացասական բանի՝ պարզապես վրեժխնդրությունից վախենալով։

Leave a Comment