Թուրքիայի ընդդիմադիր «Լավ կուսակցության» (İYİ Parti) ղեկավար Մուսավաթ Դերվիշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի դառնա «հաջորդ Իրան»՝ արձագանքելով այն քննարկումներին, թե Իսրայելի հաջորդ թիրախը լինելու է Թուրքիան։ Թուրքիայի խորհրդարանում ելույթ ունեցած Դերվիշօղլուն քննադատել է այն շրջանակներին, որոնք նման սցենարներ են շրջանառում՝ ընդգծելով, որ դա ոչ թե վերլուծություն, այլ որոշ ուժերի ցանկությունն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Թուրքիան հաջորդ Իրանը չէ։ Սակայն որոշ շրջանակներ փորձում են այն ներկայացնել որպես հաջորդ Իրան։ Եթե երկիրը կառավարեն իրական հայրենասերները, ապա Թուրքիան երբեք չի վերածվի նոր Իրանի», – հայտարարել է ընդդիմադիր գործիչը։
Դերվիշօղլուն նաև անդրադարձել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Իրանի ապագայի վերաբերյալ որոշումները պետք է ընդունի հենց իրանցի ժողովուրդը։ Նրա խոսքով՝ արտաքին ուժերի կողմից պարտադրված իշխանափոխությունները հաճախ հանգեցնում են անկայունության, ինչպես դա տեղի ունեցավ Իրաքում և Սիրիայում։
Ընդդիմադիր առաջնորդը միաժամանակ նշել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները կարող են մեծացնել տարածաշրջանային լարվածությունը և նոր հակամարտությունների վտանգ ստեղծել։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի համար կարևոր է պահպանել իր աշխարհիկ պետական համակարգը և չընկնել տարածաշրջանային բախումների տրամաբանության մեջ։
Դերվիշօղլուի խոսքով՝ որոշ քաղաքական ուժեր Իսրայելի սպառնալիքի թեման օգտագործում են ներքաղաքական նպատակներով։ Նա պնդել է, որ նման մոտեցումները կարող են վնասել երկրի ժողովրդավարական համակարգին և տարածաշրջանային դիրքին։