Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում քննարկվել է Հայաստանի սահմանային իրավիճակին վերաբերող հայտարարությունը։
ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը պաշտպանության նախարարից հետաքրքրվել է «Միասնության թևեր» շարժման համակարգող Արման Թաթոյանի հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ 2025թ. հուլիս-օգոստոս ամիսներին Ջերմուկի և Գեղարքունիքի ուղղությամբ ՀՀ տարածք նոր ներխուժումներ են արձանագրվել։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքել է այդ տեղեկությունը։ «Ձեր նշած անձնավորությունը ստում է, նման բան չկա, սիրելի հայրենակիցներ»։
Նախարարի խոսքով՝ Հայաստանում գործում են քաղաքական ուժեր և դրանց շուրջ ձևավորվող խմբեր, որոնք, նրա գնահատմամբ, փորձում են հասարակության շրջանում սարսափ տարածել և իրավիճակը ներկայացնել ծայրահեղացված կերպով։
Պապիկյանը հավելել է, որ այդ ուժերի նպատակը Հայաստանի խաղաղության գործընթացը խաթարելն է՝ ապատեղեկատվության տարածման միջոցով։
