Իրանը թույլատրել է երկու բարեկամական նավերի անցնել Հորմուզի նեղուցով – Armenia Today

Իրանը թույլատրել է երկու բարեկամական նավերի անցնել Հորմուզի նեղուցով, հայտարարել է Իրանի Հեղափոխական պահապանների կորպուսի նավատորմի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ պատերազմի առաջին օրը Իրանը հարվածել է երկու լցանավերի, իսկ երկրորդ օրը՝ մի քանի նավերի, որոնց ԱՄՆ-ն խրախուսել և աջակցում էր անցնել Հորմուզի նեղուցով։ ԻՀՊԿ-ից հավելել են, որ հարվածի են ենթարկվել այն նավերը, որոնք խախտել էին Հորմուզի նեղուցով տարանցման Իրանի կանոնները։

«Պատերազմի չորրորդ օրվանից ի վեր Հորմուզի նեղուցով որևէ տեղաշարժ չի եղել։ Երրորդ օրը միայն երկու նավերի թույլատրվեց անցնել՝ Իրանի թույլտվությամբ և հավանությամբ որպես բարեկամական երկրների նավեր», – ասել են ԻՀՊԿ-ից։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։ Երկու օր անց նրա կինը՝ Մանսուրե Խոջաստ Բաղերզադեն, մահացել է ստացած վերքերից։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախների վրա հարվածներով:

Նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Գերագույն առաջնորդին սպանելով՝ ԱՄՆ-ն և Իսրայելը «պատերազմ են հայտարարել աշխարհի մուսուլմաններին» և խոստացել պատասխան միջոցներ ձեռնարկել: Մարտի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նախնական գնահատականներով՝ հակամարտությունը, ենթադրաբար, կտևի չորսից հինգ շաբաթ, բայց չի բացառել դրա երկարաձգման հնարավորությունը:

Leave a Comment