Իրանում արդեն մի քանի օր շարունակվող ռազմական գործողությունները խոչընդոտում են նաև դեպի Հայաստան բեռնափոխադրումների իրականացմանը։
Radar Armenia-ի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նշեց, որ Իրանի ներկայիս պատերազմն սկսում է ազդել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության վրա, քանի որ բեռների մի մասը դեռևս տեղափոխվում է Իրանի տարածքով։ «Այժմ դժվար է կոնկրետ գնահատական տալ, բայց ազդեցությունը բացասական է․ որոշակի բեռներ անցնում են այս ճանապարհով»։
«Մերձավոր և Միջին Արևելքից Հայաստան հիմնական ուղիները ցամաքային են, իսկ նավահանգիստների միջոցով փոխադրումներն այսօր, փաստորեն, մասնակիորեն արգելափակված են։ Սա բնականաբար կարող է ազդել Հայաստանի տնտեսության վրա, սակայն այդ ուղղությամբ առևտուրն այնքան էլ մեծ ծավալներ չունի»,-ասաց նա։
Մարգարյանն ընդգծեց, որ անուղղակի ազդեցությունները կարող են ընդգրկել նաև գլոբալ շուկաները․ «Հեղուկ և գազային վառելիքի գների բարձրացումն արդեն նկատելի է, և սա էականորեն անդրադառնում է Հայաստան ներմուծվող ապրանքների արժեքների վրա՝ ներառյալ բենզինը, դիզվառելիքը և հեղուկացված գազը»։
Ըստ նրա՝ ներկայիս գնահատականների համաձայն՝ Իրանի պատերազմի սկզբնական ազդեցություններն արդեն նկատելի են, հատկապես Հորմուզի նեղուցի փակման կամ ծովային ուղիների խափանման պարագայում։
«Բեռնափոխադրումների ծովային գները բարձրացել են, և սա կարող է ազդել առևտրի, հատկապես էներգակիրների վրա։ Ռազմական գործողությունների ազդեցությունը կարող է պահպանվել ամիսներ շարունակ, ինչը լուրջ ռիսկ է ստեղծում տնտեսության համար»- նշեց նա։
Մարգարյանի խոսքով, այս փոփոխությունները վերաբերում են ոչ միայն էներգակիրներին, այլ նաև սննդամթերքի, հագուստի, տեխնիկայի և այլ ապրանքների տեղափոխմանը։ Մասնավորապես, բեռնափոխադրումները, որոնք անցնում են Իրանի տարածքով, կարող են խոչընդոտվել, ինչը կարող է հանգեցնել գների լրացուցիչ աճի և ժամանակավոր դադարների։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Իրանի միջանցքի դերը համեմատաբար սահմանափակ է՝ ամբողջ բեռնափոխադրումների մոտ 15-20%-ը։
«Թեև վերլուծությունները ցույց են տալիս, որ լայնածավալ ցամաքային ռազմական գործողությունների հավանականությունը փոքր է, ներկայիս զարգացումները թույլ են տալիս ենթադրել, որ կորուստները հնարավոր կլինի կառավարել, և հիմնական ազդեցությունը տնտեսության վրա կարող է լինել կարճաժամկետ ու վերահսկելի»,-հավելեց նա։
Լաուրա Հարությունյան
