Մերձավոր Արևելքում ստեղծված ռազմական գործողությունների ֆոնին կազմակերպված չվերթներով Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 110 է, տոմսերի արժեքը որոշ դեպքերում կարող է հասնել 1700 դոլարի, Ազգային ժողովում հայտնել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանի խոսքով՝ առաջիկա օրերին նախատեսված են ևս մի քանի թռիչքներ Մասկատ-Երևան ուղղությամբ։ Նա հրապարակել է Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներում ու երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը։
Նախարարը տեղեկացրել է, որ Իսրայելում գտնվում է 15 ՀՀ քաղաքացի, որոնցից 5-ի հետ մշտական կապ է պահպանվում, և նրանք ցանկանում են վերադառնալ Հայաստան։ Քուվեյթում կա 17 ՀՀ քաղաքացի, որոնք նույնպես ցանկանում են վերադառնալ, սակայն առայժմ, նախարարի խոսքով, իրատեսական ուղիներ չկան։
Օմանում, ԱԳՆ-ի տվյալներով, գտնվում է 2 ՀՀ քաղաքացի, որոնք այս պահին վերադարձի ցանկություն չեն հայտնել։ Միրզոյանը հավելել է, որ Հնդկաստանում գտնվում է շուրջ 117 ՀՀ քաղաքացի, որոնք այնտեղ են զբոսաշրջային նպատակներով և միջոցառումների շրջանակում, իսկ Վիետնամում կա 1 ՀՀ քաղաքացի, որը Բահրեյնում ունի մշտական բնակության իրավունք և չի ցանկանում վերադառնալ։
Միրզոյանը հստակեցրել է, որ քաղաքացիների հիմնական վերադարձը կազմակերպվում է ԱՄԷ-ից դեպի Օման շուրջ 400 կմ ցամաքային ճանապարհով տեղափոխումից հետո, որտեղից քաղաքացիները չվերթներով տեղափոխվում են Երևան։ Նրա խոսքով՝ կառավարությունը հոգում է քաղաքացիների Դուբայից Մասկատ տեղափոխման ծախսերը, ինչպես նաև ապահովում է անհրաժեշտ թույլտվությունները և բանակցում ավիաընկերությունների հետ թռիչքների կազմակերպման շուրջ։
Նախարարը նշել է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով բազմաթիվ երկրներում օդային տարածքները փակ են, և չվերթների կազմակերպումը բարդացել է։ Որոշ դեպքերում Երևան վերադարձի չվերթների ինքնարժեքը, նրա ներկայացմամբ, կարող է հասնել մոտ 1700 դոլարի, քանի որ օդանավերը ստիպված են շրջանցել փակ օդային տարածքները և թռչել երկարացված երթուղիներով։
Միրզոյանի խոսքով՝ դեսպանությունները մշտական կապի մեջ են քաղաքացիների հետ, այդ թվում՝ թեժ գծերի միջոցով, և յուրաքանչյուր դեպքի համար փորձում են գտնել վերադարձի հնարավոր ուղիներ։
ԱՄԷ քաղաքներ զբոսաշրջության նպատակով մեկնածները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներն այնտեղ են մնացել փետրվարի 28-ից՝ Իրանի դեմ Իսրայելի, ԱՄՆ-ի հարձակման, այնուհետ Իրանի պատասխան հարվածների պատճառով նաև ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ենթակառուցվածների ուղղությամբ։ Հակամարտության հետևանքով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքներ են փակվել։
ՀՀ ԱԳՆ-ն մարտի 1-ին հայտնել էր ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին։ Մասկատից Երևան առաջին թռիչքը կայացել էր մարտի 3-ի առավոտյան։
Մարտի 4-ին ԱԳՆ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ մարտի 3-ին երկրորդ չարտերային չվերթով Օմանի մայրաքաղաք Մասկատից Երևան է ուղևորվել 115 ուղևոր:
