Կիլիկիո կաթողիկոսությունը հայտնել է Մերձավոր Արևելքի իրադարձությունների հետևանքով հայերի շրջանում զոհերի բացակայության մասին

Մերձավոր Արևելքի հայ համայնքները մարդկային կորուստներ չեն կրել վերջին տարածաշրջանային զարգացումների ընթացքում, արձանագրվել են միայն չնչին նյութական վնասներ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին հայտնել են համայնքների ներկայացուցիչները:

Վեհափառը մարտի 3-ին հեռախոսազրույց է ունեցել թեհրանաբնակ Հովսեփ Ավետյանի հետ, ով անհրաժեշտ տեղեկություններ է փոխանցել Իրանի հայ համայնքի վիճակի մասին: Իրանահայը նշել է, որ թեմական ու համայնքային պատասխանատուները մոտիկից հետևում են իրավիճակի զարգացումներին, երիտասարդական խմբերը շրջում են հայկական թաղամասերում։

Արամ Ա-ն զրուցել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Քուվեյթի թեմական և համայնքային պատասխանատուների հետ: Բոլոր շրջաններից ստացված տեղեկությունները վկայում են, որ հայ համայնքները մարդկային կորուստներ և նյութական վնասներ չեն կրել, նշում են կաթողիկոսությունից:

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ «լայնածավալ մարտական ​​գործողություններ» սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր Խամենեիի մահը՝ ավիահարվածներից։

Մերձավոր Արևելքի երկրներում մի շարք հայ զբոսաշրջիկներ են մնացել, թռիչքների մեծ մասը չեղարկված է: Այսօր Օմանից վերջին օրերի երկրորդ թռիչքն է ժամանել Երևան՝ 115 ուղևորով:

Leave a Comment