4 մարտի 2026 – 17:58 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ կառավարությանը նվիրաբերված Starlink տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Ամերիկյան Starlink ընկերության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև համագործակցության արդյունքում ՀՀ կառավարությանը նվիրաբերված տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սկսում ենք տեղադրել սարքավորումներն այն դպրոցներում, որտեղ դրանց կիրառումն առավելապես անհրաժեշտ է՝ ունենալու արագ և կայուն ինտերնետի հասանելիություն։ Մեր նպատակը հստակ է. յուրաքանչյուր սովորող նույնիսկ ամենահեռավոր համայնքում պետք է ունենա ժամանակակից կրթական գործիքներից և թվային հարթակներից օգտվելու հավասար հնարավորություն։»,- գրել է նախարարը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Starlink–ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել ՀՀ ամբողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում՝ մնալով անմիջական կապի մեջ աշխարհի և բնության հետ: