Տեր Եսային՝ Սիմոնյանին. Պետական այրերին պատշաճ չէ նման խոսույթը

Տեր Եսային՝ Սիմոնյանին. Պետական այրերին պատշաճ չէ նման խոսույթը

4 մարտի 2026 – 18:16 AMT

PanARMENIAN.Net – Պետական այրերին պատշաճ չէ «անպատվաբեր ու անպարկեշտ խոսույթը», ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանը՝ արձագանքելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերին, հայտնում է Aysor.am-ը:

Սիմոնյանը կրկին անդրադարձել է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն, մասնավորապես՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ հայտարարելով, թե «եթե արժանապատվություն ունենար կաթողիկոսը, ինքը կգնար»։

«Ցավոք, նախկինում ևս առիթ ենք ունեցել անդրադառնալու։ Մնում է հուսալ, որ բարձրաստիճան պաշտոնյաներն առավել պատասխանատու կգտնվեն հանրային համերաշխության հաստատման իրենց կոչման ու պարտականության մեջ»,- նշել է Տեր Եսային։

Ավելի վաղ Սիմոնյանը ռուսական «Դոժդին» հեռուստաընկերության եթերում նշել էր, թե պետությունը հակամարտության մեջ է ոչ թե Հայ առաքելական եկեղեցու, այլ ՀԱԵ-ի որոշ սպասավորների հետ՝ որպես օրինակ հիշատակելով հոգևորականների մասնակցությամբ մանկապղծության ենթադրյալ դեպքեր։

«Ես ասել եմ՝ ենթադրենք ինչ-որ X երկրում ինչ-որ նմանատիպ բան է լինում, և իշխանությունը պետք է նմանատիպ արարքների հետ կապված իր կարծիքը չասի՞։ Թող ինձ դատի տան։ Փաստերի ստուգման հարթակ գոյություն ունի, որը եզրակացություն է տվել, որ երկակի կարող է մեկնաբանվել»,- ասել է Սիմոնյանն ավելի ուշ։

Leave a Comment