ԱԺ կառավարություն-հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձավ Իրանի շուրջ իրականացված ռազմական գործողություններին և նշեց, որ բոլոր երկրներում Հայաստանի դեսպանությունները բերվել են արտակարգ ռեժիմի։ Հաստատվել է կապ ՀՀ քաղաքացիների հետ, և ներկայումս որոնվում ու մշակվում են ուղիներ՝ նրանց անվտանգ Հայաստան վերադարձն ապահովելու ուղղությամբ։
«Առկա է մեկ հնարավորություն՝ օգտվելու Միացյալ Արաբական Էմիրությունների ցամաքային սահմանից Օմանի հետ։ Այդ երթուղով քաղաքացիները կտեղափոխվեն Մասկատ, որտեղից էլ կկազմակերպվի նրանց թռիչքը դեպի Երևան։ Օգտվելով այս հնարավորությունից՝ կազմակերպում ենք մեր քաղաքացիների անվտանգ տեղափոխումը Հայաստան»,– ասաց նախարարը։
Ըստ նրա՝ խոսքը շուրջ 400 կիլոմետր ճանապարհի կազմակերպման մասին է։ Տրանսպորտի կազմակերպումը, համապատասխան ընկերությունների ներգրավումն ու վճարումների իրականացումը, ինչպես նաև թռիչքների թույլտվությունների ապահովումը հանդիսանում են Արտաքին գործերի նախարարության գործառույթները։ Բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը։
Արդեն 110 ՀՀ քաղաքացի վերադարձել է Հայաստան։ Սպասվում են նաև նոր ժամանումներ, քանի որ պլանավորված են հերթական թռիչքներ։ «Մենք մշտապես կապի մեջ ենք մեր բոլոր քաղաքացիների հետ։ Միաժամանակ կան քաղաքացիներ, որոնք այս պահին ցանկություն չեն հայտնում վերադառնալ Հայաստան»։
