4 մարտի 2026 – 16:54 AMT
PanARMENIAN.Net – Եվրամիությունից հիբրիդային հարձակումներին հակազդելու համար Հայաստան արագ արձագանքման խումբ ուղարկելու որոշումը «մոլդովական սցենարի» ակնհայտ պրոյեկցիա է, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ նման առաքելություն ուղարկելու նախաձեռնությունը արտացոլել է նախկինում կիրառված մոտեցումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Հանրապետություն նման, ինչպես դուք ասացիք, «արագ արձագանքման խումբ» ուղարկելը, ըստ էության, «մոլդովական սցենարի» ակնհայտ պրոյեկցիա է Հայաստանի վրա», — ասել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում:
Նրա կարծիքով՝ «արագ արձագանքման խմբի» ակտիվ ներգրավումը դժվար թե ամրապնդի Հայաստանի իրական ինքնիշխանությունը, ավելի շուտ՝ ամեն ինչ հակառակը կլինի, հայտնում է Sputnik Արմենիան:
Մոսկվայում միևնույն ժամանակ արձանագրել են Հայաստանի արդարադատության նախարարության մեկնաբանությունն այն մասին, որ այդ խմբի աշխատանքը չի լինելու ընդդեմ Ռուսաստանի։
Իր կողմից Ռուսաստանը, հայկական կողմի դիմումի առկայության դեպքում, պատրաստ է ուղարկել նմանատիպ խնդիրներով զբաղվող խումբ։
Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար՝ նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ», ապա հնարավոր է՝ Հարավային Կովկասի այս երկրում ավելի մշտական քաղաքացիական առաքելություն, հայտընել էր «Ազատությունը»:
ԵՄ-ն նմանատիպ՝ մոտ 20 հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև՝ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ աջակցելու Մոլդովայի իշխանություններին սոցիալական ցանցերում Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվության վաղ հայտնաբերման և հակազդման գործում։