Հակակոռուպցիոն կոմիտեն 2025-ին դատի է տվել 298 հանրային ծառայողի, այդ թվում՝ նախկին պաշտոնյաների

Հակակոռուպցիոն կոմիտեն 2025 թվականին դատի է տվել 298 հանրային ծառայողի, ԱԺ-ում Կոմիտեի 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ հայտնել է նրա նախագահ Արթուր Նահապետյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգմավոր Աննա Գրիգորյանի հարցին։

Նրա խոսքով որևէ տարանջատում չի դրվել նախկին ու ներկա պաշտոնյաների միջև։ «Ունենք 298 հանրային ծառայող, որոնց մեջ որոշակի թիվ են կազմում նաև գործող պաշտոնյաները»,- հայտարարել է Նահապետյանը։

Խմբակցության մեկ այլ պատգամավոր Արթուր Խաչատրյանը Նահապետյանին մեղադրել է ոչ հետևողական լինելու մեջ։

«Խորապես համոզված եմ, որ ունեք այդ վիճակագրությունը․ ցանկացած բժիշկ, որ հիվանդին դեղ է տալիս, հետո գալիս ջերմությունը չափում է, տեսնում է՝ իջել է, թե՞ չէ։ Հիմա 298 մասի եք խոսում, դիցուկ անցած տարի եղել է 325 կամ 211, բայց չի հետաքրքրո՞ւմ ձեր ուղարկած գործերից քանի՞սն է փլվել դատարանում, քանի՞սը մեղադրական վերդիկտով վերջացել»,- շեշտել է նա։ 

Աննա Գրիգորյանն, անդրադառնալով Infocom կայքի հրապարակված հետաքննությանը, ըստ որի խոշոր գործարարներ մաքսային արտոնություններ են ստանում, ապա գումարներ մուծում «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը կամ «Իմ քայլը» հիմնադրամին, հետաքրքրվել է, թե արդյոք վարույթ է հարուցվել այդ առնչությամբ:

Նահապետյանը խուսափել է կոնկրետ դեպքի հանգամանքները քննարկելուց՝ նշելով, որ եթե առկա են հանցագործության վերաբերյալ տվյալներ կամ պատշաճ հաղորդում, իրավական ընթացակարգ է սկսվում, և համապատասխան դատավարական որոշումներ են կայացվում: Նա պատրաստակամություն է հայտնել ծանոթանալ կայքի կողմից իրականացված լրագրողական հետաքննության նյութերին և անհրաժեշտության դեպքում արձագանքել:

«Ինֆոքոմ»-ը հունվարի 30-ին հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ծախսերի համար անհայտ ծագման գումարներ են փոխանցվել տարբեր մարդկանց անունից: Հրատարակությունն ուսումնասիրել է Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքին մասնակցածների շրջանակը և եզրակացրել, որ կուսակցության նախընտրական քարոզարշավի գումարների մի մասի աղբյուրն առնվազն կասկածելի է։

Leave a Comment