Բելգիան կարող է իր ավիաբազաները Ֆրանսիային տրամադրել միջուկային զենք կրելու ունակ ինքնաթիռների համար

Բելգիան կարող է մասնակցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկած միջուկային զսպման նախագծին։ Այս մասին մարտի 3-ի երեկոյան RTL հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն:

«Նախագահ Մակրոնի առաջարկած ֆրանսիական միջուկային վահանի հայեցակարգը, որը նա առաջարկում է տարածել Եվրոպայի այլ երկրներում, ներառյալ Բելգիայում, ինձ լավ գաղափար է թվում», – նշել է նախարարը:

Ըստ Պրևոյի՝ Եվրոպան «չափազանց երկար ժամանակ է հույսը դրել ԱՄՆ-ի պաշտպանական հովանոցի վրա» և այժմ պետք է ուժեղացնի իր սեփական պաշտպանությունը։

Գործնականում սա կարող է նշանակել, որ միջուկային զենքով հանդերձված ֆրանսիական ինքնաթիռները կկարողանան օգտագործել Բելգիայի ավիաբազաները։

Բելգիայի ԱԳ նախարարի խոսքով՝ նպատակը զսպումն է, ոչ թե հակամարտությունների հրահրումը։

Մակրոնը մարտի 2-ին եվրոպական ութ պետության առաջարկել է մասնակցել նախագծին, որի նպատակն է ֆրանսիական «միջուկային վահանը» տարածել այլ եվրոպական երկրներում։ Խոսքը վերաբերում է Գերմանիային, Մեծ Բրիտանիային, Լեհաստանին, Նիդեռլանդներին, Բելգիային, Հունաստանին, Շվեդիային և Դանիային:

Leave a Comment