Իսպանիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշումներ ընդունում․ Մադրիդը հակադարձել է Թրամփի սպառնալիքներին

Իսպանիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշումներ ընդունում, հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը՝ արձագանքելով ԱՄՆ-ի սպառնալիքներին՝ խզել առևտրային հարաբերությունները Մադրիդի հետ։

«Իսպանիան ինքնուրույն որոշումներ կայացնող երկիր է, և մենք մեր բոլոր դաշնակիցներից հարգանք ենք պահանջում»,- ասել է նախարարը TVE-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Իսպանիան նպաստում է եվրաատլանտյան անվտանգությանը, սակայն ունի իր արժեքներն ու դիրքորոշումը։ Նախարարը մեկնաբանել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե ամերիկյան զինված ուժերը կարող են օգտագործել Իսպանիայում գտնվող ռազմաբազաներն Իրանի դեմ հնարավոր գործողության ժամանակ, նույնիսկ եթե Մադրիդը դեմ է։

Ալբարեսն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրով՝ այդ բազաները գտնվում են Իսպանիայի ինքնիշխանության ներքո, և դրանց օգտագործումը չի կարող իրականացվել առանց երկրի համաձայնության։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է խզել առևտրային հարաբերությունները Իսպանիայի հետ՝ հիշեցնելով ռազմական ծախսերի ավելացման հարցը։ Նրա հայտարարությունները հնչել էին, երբ Մադրիդը դեմ էր արտահայտվել Իրանում ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողությանը և Իսպանիայում տեղակայված բազաների օգտագործմանն այդ նպատակով։

Leave a Comment