Անհետ կորած անձանց հարցերով լիազոր մարմին է սահմանվել ԱԱԾ–ն

Անհետ կորած անձանց հարցերով լիազոր մարմին է սահմանվել ԱԱԾ–ն

4 մարտի 2026 – 15:01 AMT

PanARMENIAN.NetԱնհետ կորած անձանց հարցերով լիազոր մարմին է սահմանվել ԱԱԾ–ն: ՀՀ Ազգային ժողովը 88 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը։

Նոր կարգավորումներով Հայաստանում անհետ կորած անձ կհամարվի զինծառայողը կամ զինծառայության մեջ չգտնվող անձը, այդ թվում՝ կամավորականը, որը անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում, ինչպես նաև զինադադարի կամ ռազմական գործողություններին հաջորդած խաղաղ ժամանակահատվածում, հայտնում է Sputnik Արմենիան:

Օրենքով սահմանվել է նաև, որ անհետ կորած անձի հետախուզումը դադարեցվելու է այն դեպքում, երբ նրա գտնվելու վայրը, հուղարկավորության վայրը կամ մարմնի մասունքների գտնվելու տեղը պարզվելուց հետո երեք օրվա ընթացքում այդ մասին գրանցում կկատարվի համապատասխան նորաստեղծ ռեեստրում։

Միաժամանակ նախատեսվում է, որ եթե անհետ կորած անձը դատարանի որոշմամբ ճանաչվել է մահացած, սակայն նրա մարմինը չի հայտնաբերվել, ապա հետախուզումը չի դադարեցվելու։

Ազգային անվտանգության ծառայությունը համակարգելու է անհետ կորածների վերաբերյալ աշխատանքները՝ ներառյալ տեղեկատվության ստացումը, հավաքագրումը, հետախուզումը և ընտանիքների հետ հաղորդակցությունը։

Նշվել է նաև, որ ընտանիքի անդամներից մեկի երկարատև հիվանդության կամ մահվան դեպքում պետությունը կարող է տարեկան մեկ անգամ տրամադրել միանվագ դրամական աջակցություն։ Եթե անհետ կորածի ընտանիքը բնակարան չունի կամ ապրում է չորրորդ կարգի վթարային շենքում, ապա պետությունը կարող է նրանց տրամադրել բնակարան սեփականության իրավունքով կամ դրա ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։

Անհետ կորածների ընտանիքների անդամներն օգտվելու են նաև հարկային, կրթական և սոցիալական մի շարք արտոնություններից, ինչպես նաև ստանալու են լրացուցիչ ֆինանսական աջակցություն։

Նույն աջակցությունը տրամադրվելու է նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց ընտանիքներին։

Պաշտոնական տվյալներով՝ 1988-ից մինչև 2005 թվականը հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող է, իսկ 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած է համարվում 191 մարդ։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած է համարվում 22 մարդ։

Leave a Comment