Օդի, աղմուկի և քիմիական աղտոտվածությունը կարող են ազդել ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան առողջության վրա։ Այս մասին զգուշացնում է Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալությունը (EEA)՝ նշելով, որ շրջակա միջավայրի որակի բարելավումը կարող է նվազեցնել դեպրեսիայի և անհանգստության դեպքերը Եվրոպայում։
Զեկույցում ընդգծվում է, որ օդի աղտոտվածությունը, հատկապես մանր փոշեհատիկները (PM2.5) և ազոտի երկօքսիդը (NO2), կապվում են դեպրեսիվ ախտանիշների և տրամադրության անկման հետ։ Բացի այդ, կապարի և հորմոնային համակարգի վրա ազդող քիմիական նյութերի ազդեցությունը, հատկապես մանկության և դեռահասության շրջանում, կարող է բարձրացնել հոգեկան հետագա խնդիրների ռիսկը։
Աղմուկը ևս դիտվում է որպես կարևոր գործոն։ Օդային և ավտոմոբիլային երթևեկությունից առաջացող մշտական աղմուկը կարող է մեծացնել անհանգստության և դեպրեսիայի հավանականությունը, հատկապես խոցելի խմբերի մոտ։ Միևնույն ժամանակ, գործակալությունը մատնանշում է նաև լուծումները։ Բնության հետ շփումը, կանաչ տարածքների առկայությունը կարող են նվազեցնել սթրեսը, բարելավել հոգեկան վիճակը և բարձրացնել կյանքի որակը։
