
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, ճարպակալման տարածվածությունը շարունակում է կայուն աճ գրանցել թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների շրջանում:
Մեր երկրում մեծահասակների մոտ ճարպակալման տարածվածությունը կազմում է շուրջ 27–28%, բնակչության ավելի քան կեսն ունի ավելցուկային քաշ կամ գիրություն (ՄԶԻ ≥25 կգ/մ²)։ Պատճառները տարբեր են՝ բարձր կալորիականությամբ և վերամշակված սննդամթերքի լայն օգտագործում, շաքար պարունակող ըմպելիքների սպառման աճ, ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակ, ընտանիքներում ձևավորված սննդային վարքագիծ, քնի խանգարումներ, առողջ սննդի վերաբերյալ իրազեկվածության պակաս:
Ավելորդ քաշն ու գիրությունը մեծացնում են հետևյալ հիվանդությունների զարգացման ռիսկը.
▪ 2-րդ տիպի շաքարային դիաբետ
▪ սրտանոթային հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա
▪ լյարդի ճարպային հիվանդություն
▪ հոդացավեր և շարժունակության սահմանափակում
▪ օստեոարթրոզ
▪ վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ:
Նույնիսկ 5–10%-ով քաշը նվազեցնելը, ակնհայտորեն իջեցնում է հիվանդությունների բարդությունների ռիսկը:
Քաշը նվազեցնելու հիմնական քայլը կենսակերպի փոփոխությունն է:
– Սնվել կանոնավոր և հավասարակշռված
– Նվազեցնել շաքարն ու քաղցր ըմպելիքները
– Սահմանափակել վերամշակված և արագ սնունդը
– Ապահովել ֆիզիկական ակտիվություն
– Ապահովել բավարար և որակյալ քուն (միջինը՝ 8 ժամ)»։