Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է միջուկային բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակին՝ հանդես գալով կոշտ հայտարարությամբ։
Նրա գնահատմամբ, երբ բարդ միջուկային բանակցությունները ներկայացվում են որպես անշարժ գույքի գործարք, իսկ «մեծ սուտը» մթագնում է իրականությունը, իրատեսական սպասումները չեն կարող արդարացվել։
«Արդյունքում՝ վրեժխնդրությունից դրդված նրանք խափանեցին բանակցությունները»,- գրել է Արաղչին՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ում նկատի ունի։
Նա նաև քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հայտարարելով, որ վերջինս «դավաճանել է դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին»։
Արաղչիի հայտարարությունը հնչում է Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունների լարվածության ֆոնին և արտացոլում է Իրանի պաշտոնական դիրքորոշումը բանակցային գործընթացի ձախողման վերաբերյալ։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
