Օմանից 2-րդ թռիչքով Երևան է ժամանել 115 ուղևոր․ ԱԳՆ – Armenia Today

Մարտի 3-ին երկրորդ չարտերային չվերթով Օմանի մայրաքաղաք Մասկատից Երևան է ուղևորվել 115 ուղևոր, Armenia today-ին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Նա տեղեկացրել է, որ ուղևորների 90-ից ավելին ՀՀ քաղաքացիներ են, նրանց թվում են նաև Հեռավոր Արևելքից Օման եկած 2 քաղաքացի:

Խոսնակը հավելել է, որ Օմանում ՀՀ դեսպանության անձնակազմը ներկա է գտնվել օդանավակայանում, քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն։

ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունը տեղեկացրել է, որ մարտի 5-ին երեկոյան ժամը 21:00-ին նախատեսվում է երրորդ՝ Մասկատ-Երևան չվերթը։ Դեսպանությունից հավելել են, որ քաղաքացիները, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված վերջին անվճար տեղափոխման հնարավորությունից։

Տեղափոխման ցանկացություն ունեցող քաղաքացիներին խնդրել են անհատապես գրանցվել այս հղումով՝ մինչև երեկոյան ժամը 20։00-ն։ Ավտոբուսների շարժման վայրի տվյալները՝ այստեղ։

ԱՄԷ քաղաքներ զբոսաշրջության նպատակով մեկնածները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներն այնտեղ են մնացել փետրվարի 28-ից՝ Իրանի դեմ Իսրայելի, ԱՄՆ-ի հարձակման, այնուհետ Իրանի պատասխան հարվածների պատճառով նաև ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ենթակառուցվածների ուղղությամբ։ Հակամարտության հետևանքով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքներ են փակվել։

ՀՀ ԱԳՆ-ն մարտի 1-ին հայտնել էր ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին։ Մասկատից Երևան առաջին թռիչքը կայացել էր մարտի 3-ի առավոտյան։ Մարտի 3-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր նաև մարտի 4-ին՝ երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան չվերթի ու ԱՄԷ-ից Օման հասնելու անվճար հնարավորության մասին։

Leave a Comment