Իսրայելցի զինվորականները թիրախ կհամարեն Իրանի ցանկացած նոր գերագույն առաջնորդի, որը փոխարինելու կգա ամերիկա-իսրայելական հարվածներից սպանված այաթոլլա Ալի Խամենեիին: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Ցանկացած առաջնորդ, որին կնշանակի իրանական ահաբեկչական ռեժիմն Իսրայելը ոչնչացնելու, Միացյալ Նահանգներին, ազատ աշխարհին և տարածաշրջանի երկրներին սպառնալու ծրագրերն իրականացնելու և իրանցի ժողովրդին ճնշելու համար, միանշանակ ոչնչացման թիրախ կդառնա։ Կարևոր չէ, թե ինչ է նրա անունը կամ որտեղ է նա թաքնվում», – գրել է Կացը X հարթակի իր էջում։
Նա նաև խոստացել է, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները կշարունակեն «ջախջախել վարչակարգի հնարավորությունները» և պայմաններ կստեղծեն, որ «իրանցի ժողովուրդը իշխանափոխություն իրականացնի»։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով։ Մարտի 4-ին սկսվում են Խամենեիի հրաժեշտի արարողությունները. դրանք կտևեն երեք օր։
Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով աղբյուրների, հաղորդել էր, որ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, իր հոր պաշտոնի գլխավոր հավակնորդն է։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին՝ դա անվանելով «կանխարգելիչ» հարձակում։ Նրանց պնդմամբ՝ Իրանը զարգացնում էր իր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների ծրագիրը, նաև ցանկանում էր միջուկային զենք ստեղծել։ Թեհրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում՝ թիրախավորելով Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանները և էներգետիկ օբյեկտները։