Միրզոյանը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի և Քուվեյթի ԱԳ նախարարների հետ

Միրզոյանը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի և Քուվեյթի ԱԳ նախարարների հետ

4 մարտի 2026 – 10:33 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։

Զրույցի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել նաև հակամարտության գոտիներում գտնվող քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ։

Միրզոյանը կարևորել է խնդրի խաղաղ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն նաև ընդգծել են մայիսին Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով ցուցաբերվող ակտիվ ներգրավվածությունը։

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Քուվեյթի արտաքին գործերի նախարար Շեյխ Ջարրահ Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի հետ՝ քննարկելով Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները և կարևորելով իրավիճակի խաղաղ կարգավորումը, հայտնում է արտաքին գործերի նախարարությունը։

«Անդրադառնալով Մերձավոր Արևելքում զարգացումներին՝ Միրզոյանը մտահոգություն է հայտնել քաղաքացիական օբյեկտներին հարվածների, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի առնչությամբ: Այս համատեքստում ընդգծվել է ստեղծված իրավիճակի շուտափույթ՝ խաղաղ հանգուցալուծման ու այդ ուղղությամբ ջանքերի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment