Դատարանը կարճել է գեներալներ Հակոբյանից և Հարությունյանից մոտ 4․5 մլրդ դրամի բռնագանձման գործը

Դատարանը կարճել է գեներալներ Հակոբյանից և Հարությունյանից մոտ 4․5 մլրդ դրամի բռնագանձման գործը

4 մարտի 2026 – 10:53 AMT

PanARMENIAN.Net – Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը, դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, կարճել է գեներալներ Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից որպես գույքային վնաս մոտ 4,5 մլրդ դրամ բռնագանձելու վերաբերյալ գործը:

Դատարանը բավարարել է պատասխանող կողմի ներկայացրած միջնորդությունը հայցային վաղեմություն կիրառելու մասին, հայտնում է «Փաստինֆոն»:

ՀՀ դատախազությունը ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից և ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանից պահանջել է 4 մլրդ 370 մլն 985,000 դրամի բռնագանձում՝ որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում։ Հայցադիմումը մուտքագրվել է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան 2025 թվականի մարտի 17-ին և նույն օրը մակագրվել դատավոր Լիլի Դրմեյանին։

Այն քրեական գործը, որի շրջանակում բարձրացվել է վնասի փոխհատուցման հարցը, ևս մուտքագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել դատավոր Մասիս Մելքոնյանին։ Այն վերաբերել է պաշտոնեական անփութությանը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Պաշտպանության կողմը հայտարարել է, որ քրեական գործով վաղեմության ժամկետներն արդեն անցել են, իսկ գեներալներն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունել։ Բացի այդ, պաշտպանները կասկածներ են հայտնել, որ սկզբից ի վեր քրեական գործը դատարան ուղարկելու նպատակը եղել է քաղաքացիական հայցի միջոցով պետությանը ենթադրյալ պատճառված վնասի բռնագանձման հարց բարձրացնելը, ինչն էլ փաստացի իրականացվել է։

Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումի շրջանակում դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց՝ արգելանք դնելով Հակոբյանի և Հարությունյանի գույքի վրա՝ մոտ 4,5 մլրդ դրամի չափով։ Սակայն ամիսներ անց գործը կարճվել է։ Որոշումը դատարանը կայացրել է 2025 թվականի դեկտեմբերին՝ բավարարելով պատասխանող կողմի միջնորդությունը։

«Դատալեքս» համակարգից հայտնի է դարձել, որ գլխավոր դատախազությունն արդեն վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Վերաքննիչ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը, դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ և դատավորներ Արմիդա Ոսկանյանի ու Դիանա Հովհաննիսյանի կազմով, փետրվարի 19-ին որոշում է կայացրել բողոքը վարույթ ընդունելու մասին։

Leave a Comment