Իրանի հաջորդ Գերագույն առաջնորդը կլինի հանգուցյալ Ալի Խամենեիի որդին` Մոջթաբա Խամենեին. ԶԼՄ

Իրանի  բարձրաստիճան հոգևորականները հանդիպել են երեքշաբթի՝ քննարկելու հավանական թեկնածուների հարցը

Իրանի հաջորդ Գերագույն առաջնորդը կլինի հանգուցյալ Ալի Խամենեիի որդին` Մոջթաբա Խամենեին. ԶԼՄ


ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Մոջթաբա Խամենեին՝ Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին, իր հոր պաշտոնի հավանական թեկնածուն է։ Այս մասին հայտնում է interfax-ը՝ հղում անելով The New York Times-ին, որն էլ իր հերթին հղում է անում իր տեղեկացված աղբյուրներին:


Ըստ տեղեկատվության՝ Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի ընտրության համար պատասխանատու բարձրաստիճան հոգևորականները հանդիպել են երեքշաբթի՝ քննարկելու հավանական թեկնածուների հարցը։


Պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ հոգևորականները դիտարկել են արդեն չորեքշաբթի առավոտյան Մոջթաբա Խամենեիին հոր պաշտոնին նշանակելու հնարավորությունը:


Սակայն ոմանք կասկածներ են հայտնել՝ մտահոգություն ունենալով, որ դա կարող է նրան թիրախ դարձնել ԱՄՆ-ի և Իսրայելի համար:


Իրանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին


Իսրայելը փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:


Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին: Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ:


Իրանի պետական հեռուստատեսությունը փետրվարի 28-ին հայտնել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին՝ իր նստավայրին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով. երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ:


Leave a Comment