
Կարևորելով ազգային մշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրման և հանրահռչակման գործի շարունակականությունն ու զարգացումը, հաստատելով, որ ժամանակակից մշակութային կառույցների կայուն զարգացումը ենթադրում է մասնավոր և հանրային հատվածների բարձր մակարդակի գործընկերություն, ընդգծելով որակի, պրոֆեսիոնալիզմի, առաջատարության և սոցիալական պատասխանատվության սկզբունքները՝ «ՀԵՆԴԵՐՍՈՆ ՖԵՇՆ ԳՐՈՒՊ ԱՄ»-ի հովանավորությամբ կստեղծվի Մատենադարանում քարտեզագրական ժառանգությանը նվիրված արդիական սրահ, հայտնում են Մատենադարանից։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և «ՀԵՆԴԵՐՍՈՆ ՖԵՇՆ ԳՐՈՒՊ ԱՄ» գլխավոր տնօրեն Ռիմա Եղիազարյանը: Տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, Մատենադարանի նվիրատու Ռուբեն Գալչյանի հաղորդումը Մատենադարանի հավաքածուներում պահվող քարտեզների վերաբերյալ։