Շրջաններում մասսայական գործազրկություն է, մարդիկ ապրում են ուղղակի աշխատույժ արտահանելու վրա։ Մեր երկիրը այսքան տարիների ընացքում չի լուծել տեղում աշխատատեղ ստեղծելու խնդիրը։ Այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ երկրի տնտեսական քաղաքականությունը կառուցված է ուղղակի հարկեր հավաքելու վրա։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նշում է՝ հարկային արտոնությունից պետք է օգտվի փոքր բիզնեսը, իսկ երբ փոքր բիզնեսը անցնի միջին բիզնեսի դաշտ, ունենալու է արտոնություններ․
«Մենք պետք է գնանք ոչ թե սահմանափակման, ճնշման ճանապարհով, այլ շահավետ առաջարկ անել՝ ստանալ բիզնես վարկեր և ընդլայնել բիզնեսը» ,- ընդգծել է նա։
Կարապետյանը շեշտում է՝ ամեն տարի գյուղացին մի քանի պրոբլեմի է առերեսվում։ Նա պետք է առանց երաշխավորության, ապահովագրության աճեցնի իր բերքը, գումար հայթայթի, հետո հնարավորություն փորձի գտնել արագ վաճառել շուտ փչացող բերքը․ մի քանի մեծ ռիսկեր կա գյուղացու համար այսօր։ Նարեկ Կարապետյանը որպես լուծում առաջարկում է գյուղացու համար ստեղծել պայմաններ, որ նա լինի արտադրանք ստեղծողը և ոչ վաճառքի մասին մտածողը։
«Եթե մեր հայրենակիցները ցանկանում են ունենալ այն փոփոխությունները, ինչ մենք ենք առաջարկում, պետք է վստահեն տնտեսական մեր ծրագրին, վստահ ենք՝ կկարողանանք հասնել հասարակության նշանակալի մասի աջակցությանը, կկարողանանք հետ բերել Հայաստան հույսը լավ կյանքի»,- եզրափակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։