Հայաստանի իշխանությունը պատրա՞ստ է իրեն դիրքավորել՝ որպես Ռուսաստանի թշնամի. Հայկ Խալաթյան

Հայաստանյան ընդդիմության համար առավել նախընտրելին ընտրությունների ելքի, այսպես ասած, «Գյումրի 2» սցենարն է։ Այսպիսի կարծիք հայտնեց 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը՝ խոսելով հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին։

Քաղաքական մեկնաբանը ճիշտ է համարում ընդդիմադիր ուժերի խոշորացման գործընթացն Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ՝ նշելով, որ ընդդիմությունը պետք է «շատ խելացի և վիրտուոզ խաղա»։

«Դե, իհարկե, ընդդիմադիր ուժերի համար առավել նախընտրելին «Գյումրի 2» սցենարն է։ Ես դրական եմ գնահատում, որ, այսպես ասած, խոշորացման գործընթաց է գնում, մյուս կողմից էլ՝ որոշ ուժեր, որոնք չեն կարողացել միանալ որևէ խոշոր միավորման, հասկանալով, որ առանձին գնալու դեպքում իրական հնարավորություններ չունեն խորհրդարան մտնելու, և այդպիսով իրենց ձայները պարզապես փոշիանալու են, որոշել են չմասնակցել։ Դա ևս կարելի է ողջունել։ Այն ֆոնին, որ այս ընտրությունները տեղի են ունենալու, նկատի ունեմ՝ Հայաստանի ներքին գործերին բացահայտ միջամտությունների և կոնկրետ ուժին՝ ներկայիս իշխանություններին աջակցելու պայմաններում, այն ճնշումը, որ կա ընդդիմության նկատմամբ, այս պայմաններում, ընդդիմությունը շատ խելացի և վիրտուոզ պետք է խաղա, որ հասնի արդյունքի»,- մեկնաբանեց Հայկ Խալաթյանը։

Վերլուծաբանի կարծիքով՝ ընդդիմության հաղթանակի նախապայմանները կան՝ նկատի ունենալով սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրները, և նույնիսկ այն, որ Փաշինյանի իշխանությունը բացահայտորեն դիմում է Արևմուտքին՝ «ինդուլգենցիա» ստանալու համար, խոսում է այն մասին, որ իրենք էլ այդքան վստահ չեն, որ հաղթելու են։

Խոսելով Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել դաշինքի սանձազերծած պատերազմի տարածաշրջանային ազդեցությունների մասին՝ Խալաթյանն ընդգծեց, որ Իրանի հնարավորությունների թուլանալը շատ բացասական է ազդելու Հայաստանի վրա։ Բացատրությունը շատ պարզ է՝ Իրանի թուլացման պայմաններում ազդեցիկ խաղացողներից մեկը, որի հետ ստիպված էին այս կամ այն կերպ հաշվի նստել Թուրքիան և Ադրբեջանը, կարող են կարծել, որ արդեն կարելի է Իրանին չվերցնել իրենց հաշվարկների մեջ կամ հաշվի չառնել Թեհրանից եկող մեսիջները։

Խալաթյանի համոզմամբ՝ Հայաստանի համար ամենակարևորն այն է՝ կկարողանա՞ արդյոք Իրանի ներկայիս վարչակազմը պահպանել իր իշխանությունը, թե՞ ոչ։

Ըստ նրա՝ Իրանում իսլամական վարչակարգի տապալման դեպքում երկու սցենար կա, մեկը՝ առավել վատթար սցենարն է, ըստ որի՝ Իրանում կսկսվեն անջատողական շարժումներ, մասնավորապես՝ քրդաբնակ շրջաններում, Բելուջիստանում, իրանական Ատրպատականում, որտեղ գերակշռում է թյուրքախոս բնակչությունը, մյուսը՝ պակաս վատատեսական սցենարն է։ Խալաթյանի խոսքով՝ թյուրքախոս ազերիների կամ ազարիների շրջանում հավատարմությունն իշխանությունների հանդեպ մեծ է, բայց կա նաև շատ ագրեսիվ փոքրամասնություն՝ պանթյուրքիստական տրամադրություններով։

«Բայց նույնիսկ ավելի լավատեսական սցենարի դեպքում պետք է հաշվի առնենք, որ եթե իշխանափոխություն է լինում, գալիս են ուժեր, և նույն այդ ադրբեջանցիների կշիռն ավելի է մեծանալու Իրանում և ավելի ազգայնական մոտեցումներով, և դա նույնպես կարող է ազդել Հայաստանի նկատմամբ քաղաքականության կամ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների վրա, ուստի այս պայմաններում, ես կարծում եմ, որ մեզ համար ամենաօպտիմալը ներկայիս վարչակազմի պահպանումն է։ Եթե ռեժիմի տապալում տեղի ունենա, ակտիվ փոքրամասնությունն է թելադրելու մեծամասնությանը, որը շոկի մեջ է լինելու, թե ինչ զարգացումներ պետք է լինեն։ Դրա համար եմ ասում՝ այս պահին պանթուրանական տրամադրություններ ունեցողները դեռ փոքրամասնություն են, բայց նրանք ակտիվ են և ունեն աջակցություն ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի, այլև Միացյալ Նահանգների ու Իսրայելի կողմից»,- հավելեց վերլուծաբանը։

Խալաթյանի խոսքով՝ Հայաստանն ու Հարավային Կովկասը քաղաքականապես գնալով ավելի ու ավելի են միաձուլվում Մերձավոր Արևելքի հետ, և դառնում ենք Մեծ Մերձավոր Արևելքի մաս, իսկ հետխորհրդային տարածքն աստիճանաբար վերանում է։

Քաղաքական վերլուծաբանը շոշափեց նաև Ռուսաստան-Եվրամիություն առճակատման ու Հայաստանի շուրջ Ռուսաստան-ԵՄ մրցակցության թեման՝ նշելով, որ կտրուկ փոխվում է թե՛ Եվրոպական միությունը, և թե՛ Ռուսաստանի վերաբերմունքը ԵՄ-ին։

Մեր զրուցակիցը շեշտում է Եվրոպայում ուժային բաղադրիչի զարգացման միտումները՝ Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու հեռանկարով, կամ առնվազն ի դեմս Ռուսաստանի թշնամու կերպար ձևավորելու նպատակով։

«Եվրոպայում իշխող էլիտան կարծում է, որ այս միլիտարիզացիայի ճանապարհը թույլ կտա լուծել տնտեսական զարգացման խնդիրը, ռազմարդյունաբերությունը լոկոմոտիվի դեր կխաղա՝ օգնելով առաջ մղել տնտեսությունը, բայց դրա համար իրենց պետք է թշնամու կերպար։ Շատերը Ռուսաստանում կարծում են, որ Եվրոպան նպատակ չունի իրականում պատերազմելու Ռուսաստանի հետ, բայց նաև հիշեցնում են հայտնի ճշմարտությունը՝ եթե բեմադրության ժամանակ պատից կախված է հրացան, ինչ-որ պահի այն պետք է կրակի։ Դա է խնդիրը, և մենք տեսանք վերջին հայտարարությունները թե՛ Լավրովի, թե՛ Օվերչուկի, որոնք անընդհատ հիշեցնում են՝ Հայաստանի ժողովուրդ, Ձեր իրավունքն է ընտրել Ձեր երկրի ապագան, դրա հետ ոչ ոք չի վիճում, բայց հասկացեք՝ եթե գնում եք այս ճանապարհով, Ձեզ պարտադրելու են մտնել Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ։

Տեսեք, նույն Եվրամիության հիմնական խնդիրները թե՛ Սերբիայի հետ, որը նույնպես մտադրություն ունի դառնալ ԵՄ անդամ, թե՛ մեր հարևան Վրաստանի հետ այն է, որ այս երկրները չեն միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին»,- մեկնաբանեց Հայկ Խալաթյանը։

Նրա խոսքով՝ ի տարբերություն նույն Եվրամիության, Թուրքիայի, Միացյալ Նահանգների, որոնք փաստացի միջամտում են Հայաստանի ներքին գործերին՝ իրենց աջակցությունը հայտնելով Փաշինյանի իշխանությանն առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը երբեք բացահայտորեն իր համակրանքը չի արտահայտում այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ։

«Որևէ մեկը չի կանգնելու Ռուսաստանում և հայտարարի՝ «Մենք Հայաստանում նախընտրում ենք այս կամ այն քաղաքական ուժին»։ Դուք հիշատակեցիք Մոլդովան, բայց Մոլդովայի իշխանություններն արդեն բացահայտ են ասում, որ իրենք դիտարկում են Ռուսաստանը՝ որպես թշնամի։ Մոլդովայի իշխանություններն ամեն ինչ արել են, որ վերջին տարիների ընթացքում նվազագույնի հասցնեն տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ։

Հիմա հարց՝ Հայաստանի իշխանությունը պատրա՞ստ է իրեն բացահայտ դիրքավորել որպես Ռուսաստանի թշնամի՝ ունենալով տնտեսական համագործակցության այսպիսի մակարդակ, որը Նիկոլ Փաշինյանի օրոք ավելի է մեծացել։ Ինչպես շատ հարցերում՝ նրանք մի բան հայտարարում են, գնում են մի նպատակի, բայց լրիվ այլ արդյունքի են հասնում։ Խոսում են Ռուսաստանից դիվերսիֆիկացիայի մասին, բայց իրենց քաղաքականության տարիների ընթացքում տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ավելի է մեծացել, նույնիսկ կախվածություն էլ չէ, որովհետև դա հայկական կողմին էլ է շատ մեծ օգուտներ բերում»,- հավելեց քաղաքական մեկնաբանը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Գյումրիում քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ իշխանությունը սարսափում է ընտրությունների «Գյումրի 2» սցենարից։ Նման տեսակետ էին հայտնել նաև ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչներ։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Leave a Comment